Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի գործի դատական քննությունը:
Այս գործը դատավոր Ռոբերտ Պապոյանն իր վարույթ էր ընդունել 2017 թվականի սեպտեմբերի 22-ին: Գործի դատական քննությունը, փաստորեն, տևել է մոտ 3 տարի…
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, «2017 թվականի մարտի 31-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում Երևանի Անդրանիկի փողոցի 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքվորված ինքնաշեն, ակոսափող, թմբուկավոր՝ հրազեն հանդիսացող ատրճանակ»:
Ըստ դատարանում հնչած վկայությունների՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 31-ի երեկոյան, «Ելք» դաշինքի թիմից մոտ 8 հոգով գնացել են «Բանգլադեշ» թաղամաս՝ թռուցիկներ բաժանելու:
Երկու մեքենայով են եղել՝ «Ելք» դաշինքի շարժական շտաբի «Ֆորդով» ու շտաբի ղեկավար Հայկ Սարգսյանի «Մերսեդեսով»:
Անդրանիկի փողոցի շենքերում թռուցիկներ բաժանելու նպատակով խմբերի են բաժանվել ու մտել են շենքերը:
Հանկարծ գոռգոռոցներ են լսվել: Շենքերում գտնվող ելքականները վազելով բակ են իջել ու տեսել, որ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի՝ իրենց «Ֆորդի» վրա փակցված լուսանկարների, մասնավորապես՝ նրանց դեմքերի վրա ներկ են քսել, իսկ Հայկ Սարգսյանի «Մերսեդեսի» դռան վրա ամրացված ՀՀ դրոշը չկա:
Վկաներից ոմանք հետագայում Հայկ Սարգսյանից իմացել են, որ «Մանախ» մականունով Արթուր Այվազյանն է տարել Հայկի մեքենայի դռանն ամրացված՝ ՀՀ դրոշը: Երբ Հայկը պահանջել է դրոշը հետ բերել, «Մանախը» պատասխանել է, թե դրոշը տարել, դրել է իր ընկերոջ գերեզմանին. «Եթե էդքան դուխ ունես, գնա վերցրու»՝ ասել է «Մանախը», որից հետո քաշքշոց է սկսվել:
Ըստ վկայությունների՝ «Մանախը» միջադեպից առաջ մոտեցել է «Ելք» դաշինքի շտաբի «Ֆորդ» մեքենային ու ասել է՝ դուք իրավունք չունեք էս բակերում թռուցիկ բաժանելու…
Միջադեպից հետո Հայկ Սարգսյանի դեմքին վնասվածքներ են եղել, նրա կոստյումը պատռված էր: Նա ճանաչվել է որպես գործով տուժող: Թավշյա հեղափոխությունից հետո ինչպես այս գործով տուժողը, այնպես էլ գործով որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ընտրվել են ԱԺ պատգամավոր:
Դեպքի վայրում գետնին ընկած ատրճանակը միջադեպից հետո տարվել է «Ելքի» շտաբ, հանձնվել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս զենքը ցուցադրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ասել է, թե այդ զենքը վկաները տեսել են «Մանախ» մականունով անձի մոտ: Զենքը Նիկոլ Փաշինյանը հանձնել է իրավապահներին:
Միջադեպի պատճառը, ըստ վկայությունների, Մանախի կողմից քարոզարշավի մասնակիցների դրոշը վերցնելն էր եղել, նա ասել էր, թե ելքականներն իրավունք չունեն այդ դրոշն իրենց քարոզարշավում օգտագործելու: Ըստ վկաների՝ «Ամեն ինչ դրոշից է սկսվել…»:
Արթուր Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:
Արթուր Այվազյանի նկատմամբ քրեական գործով կիրառվել է գրավ:
Այս գործով դատարան էր հրավիրվել և 2019 թվականի ապրիլի 3-ին դատարանում որպես վկա հարցաքննվել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վկայի ցուցմունքի՝ երբ իմացել է, որ բուկլետների բաժանման ժամանակ միջադեպ է եղել, խմբին հրահանգել է անմիջապես վերադառնալ շտաբ: Ինքն էլ արագ հագնվել ու տանից դուրս է եկել:
Շտաբում իմացել է, որ քարոզարշավի խումբը շենքերում բուկլետներ է բաժանել, իսկ երբ խմբի անդամները մոտեցել են բակում կայանված իրենց շարժական շտաբին՝ «Ֆորդ» միկրոավտոբուսին, տեսել են, որ մեքենայի վրա առկա նկարների, այդ թվում՝ իր նկարի վրա ներկ է քսված, իսկ մեքենայի վրայի դրոշը չկա: Բակում գտնվողներին հարցրել են՝ ո՞ւր է դրոշը: Մեկն ասել է. «Ես եմ տարել, դուք ի՞նչ իրավունք ունեք էս դրոշը օգտագործելու»:
Վկա Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ խոսքը ՀՀ պետական դրոշի մասին էր…
Քարոզարշավի մասնակիցները այդ քաղաքացուց հետ են պահանջել դրոշը. «Խոսակցություն է եղել… այդ անձն ասել է, թե դրոշը տարել-դրել է ընկերոջ գերեզմանին… խոսակցության ընթացքում հարվածել են Հայկ Սարգսյանին… Մեր ժողովուրդը փորձել է միջամտել, թույլ չտալ, որ հարվածները շարունակվեն, այդ պայքարի ընթացքում այդ ակտիվ անձը հանել է զենքն ու պահել է Հայկի վրա… Ներկաներից մեկը խփել է այդ անձի ձեռքին, զենքն ընկել է, մերոնք դեպքի վայրից հեռացել են…»:
Շտաբում Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ քարոզարշավը խանգարողի զենքը իր շտաբի անդամները վերցրել են: Անմիջապես պահանջել է զենքը, վերցրել է, ահազանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին, ինչպես նաև «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ելույթ է ունեցել ու ցուցադրել է զենքը և իրենց շտաբի «Ֆորդ» միկրոավտոբուսը՝ առանց դրոշի ու ներկված նկարներով… Վկան դատարանում ասել է. «Զենքի մեջ նայելով՝ ես տեսա, որ մարտական փամփուշտներ կային»: Զենքը հանձնել է ոստիկանությանը: Այն առգրավվել ու ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:
Արթուր Այվազյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Վկա Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Արթուր Այվազյանը չի ցանկացել հարցեր տալ վկային՝ չնայած ասել է, թե պատրաստած հարցեր ուներ:
Դատարանն արձանագրել է, որ Արթուր Այվազյանը կատարել է իրեն մեղսագրված երկու հանցավոր արարքները: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի՝ խուլիգանության համար նա ենթակա է քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատման՝ վաղեմության ժամկետը լրանալու հետ կապված: Այդ արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Քրեական գործով ամբաստանյալ Արթուր Այվազյանն առարկել էր վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ: Անձի համաձայնության բացակայության պայմաններում դատարանը շարունակել է դատական քննությունը, սակայն դատավճիռ կայացնելիս տվյալ հոդվածով դադարեցրել է անձի քրեական հետապնդումը:
Արթուր Այվազյանին մեղսագրված երկրորդ արարքը՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Այս արարքի մասով Արթուր Այվազյանի նկատմամբ դատարանը կիրառելի է ճանաչել Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը:
Դատարանն արձանագրել է, որ Արթուր Այվազյանը նախկինում երեք անգամ դատապարտվել է ծանր հանցագործության, իսկ մեկ անգամ՝ առանձնապես ծանր հանցագործության համար:
2003 թվականին Արթուր Այվազյանը դատապարտվել է ծանրացուցիչ հանգամանքում կատարված սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Նա դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում Արթուր Այվազյանը 2007 թվականին դատապարտվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, վերջին հաշվով նա դատապարտվել է 11 տարի ազատազրկման:
Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Արթուր Այվազյանի կողմից:
Այսպիսով, 43-ամյա Արթուր Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:
Առաջին հոդվածով նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ առանց պատիժ նշանակելու:
Երկրորդ հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար մեղավոր ճանաչվելով՝ Արթուր Այվազյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է ազատազրկման ձևով պատժից:
Այս դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գրավատուին կվերադարձվի համապատասխան դեպոզիտ հաշվին որպես գրավ վճարված 1 միլիոն դրամը: