Search
Close this search box.

400 տոննա ռազմական նշանակության բեռն ամբողջությամբ չի նվիրվել Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու նպատակով։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», – հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մեջ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։

Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն: «Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները։ Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ սա Ռուսաստանի պատասխանն է թուրք-ադրբեջանական մերձեցմանը: «Եթե հիշում եք ՝ տավուշյան դեպքերի հետ կապված, երբ սրացում եղավ հակամարտության ամբողջ գոտում, Թուրքիան բավականին արագ արձագանքեց, նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իրենք Ադրբեջանին կաջակցեն բոլոր հնարավոր սցենարների դեպքում՝ նորից հիշեցնելով երկու պետություն, մեկ ազգ կոնցեպցիային իրենց հավատարմության մասին։ Դրան հաջորդեցին տեղեկություններ այն մասին, որ Նախիջևանի հատվածում նկատվում է թուրքական զինվորական ներկայության ընդլայնում, իհարկե ես չեմ կարող ասել, թե որքանով են հավաստի այդ տեղեկությունները, կամ Նախիջևանի միլիտարիզացիայի ուղղությամբ Թուրքիան կոնկրետ ինչեր էր արել։ Բայց հավաստի է այն ենթադրությունը, որ սա արվում էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Տավուշի ճակատում հայերը չանցնեն ավելի վճռական գործողությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քեռյանի դիտարկմամբ՝ երկրորդ կարևոր գործողությունը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն էին. «Դրանք նույնպես ուժի ցուցադրում էին։ Բնականաբար, այս ամենը ոչ միայն Հայաստանի վրա էր ճնշում, այլև ինչ-որ տեղ ուժի ցուցադրում էր Ռուսաստանի հանդեպ, որովհետև երբևիցե Ռուսաստանը չի հանդուրժել հարավկովկասյան տարածաշրջանում թուրքական ներկայությունը կամ Թուրքիայի կողմից զենքի գործադրման քայլ, դա միշտ Ռուսաստանի կողմից հանդիպել է կոշտ արձագանքի։ Հավանաբար այս իրադարձությունները Կրեմլի ղեկավարությանը անհանգստացրին՝ այն առումով, որ ենթադրություններ եղան, թե Թուրքիան կարող է ակտիվ գործողություններ ձեռնարկել։ Հայաստան զինամթերք բերելը չէր նշանակում այդ ամենը տրամադրել Հայաստանին։ Պարզապես դա արվում էր ռուսական ռազմաբազայի ամրապնդման, նաև այստեղ գտնվող ռուսական զինուժի հարվածային պոտենցիալն ուժեղացնելու համար։ Այսինքն՝ սա Ռուսաստանի պատասխան քայլն էր թուրք-ադրբեջանական զորավարժությունների և Նախիջևանի միլիտարիզացիայի ուղղությամբ Թուրքիայի շարունակվող քայլերին։ Սա նախազգուշացում էր, որ Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ բնական է, որ ադրբեջանական կողմն ունի անհանգստության առիթ, որովհետև այդ զինամթերքը անհայտ ուղղությամբ չի կորում, կուտակվում է Հայաստանում: «Ալիևը անհանգստացած է, որ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը մեծացնում է։ Թե ինչու ռուսական լրատվամիջոցները չեն խոսում զրույցի այդ հատվածի մասին՝ որովհետև նրանց ավանդական գիծն է Ադրբեջանին ռուսական ազդեցության գոտի տանելը։ Պուտինն ու իր շրջապատը այնքան էլ շահագրգռված չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմամբ, որովհետև Ադրբեջանն ամեն դեպքում իրենց համար շատ մեծ նշանակություն ունի։ Այս հեռախոսազրույցի մեկնաբանությունը տալիս պետք է հաշվի առնել ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև Թուրքիայի քաղաքականությունը, ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք տարբեր շերտ ունեն՝ եթե դրանք Սիրիայում որոշակի համագործակցության հնարավորություն ունեն, ապա մյուս բոլոր տեղերում դրանք հակամարտային բնույթ ունեն, շատ հարցեր կան, որտեղ ռուսներն ու թուրքերը իրար չեն հասկանում՝ նաև Հարավային Կովկասի ուղղությամբ։ Ահա այսպիսի ընդհանուր բավականին խճճված տարածաշրջանային քաղաքական իրավիճակ կա։ Կան նաև իրական կարևոր գործընթացներ, որոնք դեռ գաղտնազերծված չեն»,- եզրափակեց նա։

Please enter a valid URL