Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, հաղորդում է պաշտոնական Կրեմլը` ընդգծելով` հեռախոսազրույցը կայացել է Լուկաշենկոյի նախաձեռնությամբ:
«Երկու կողմերն էլ վստահություն են հայտնել, որ ի հայտ եկած խնդիրները շուտով կկարգավորվեն, կարևորը, որ դրանցից չօգտվեն ապակառուցողական ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը Միութենական պետության շրջանակներում», — հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը:
Այսօր առավոտյան Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե պատրաստվում Վլադիմիր Պուտինին տեղեկացնել «ոչ միայն Բելառուսին, այլև միութենական պետությանը սպառնացող վտանգների մասին», կրկին պնդելով, թե երկրում «գունավոր հեղափոխության սցենար է իրագործվում», որը հաջողության դեպքում կարող է տարածվել:
«Բելառուսի պաշտպանությունն այսօր նշանակում է մեր միասնական պետության պաշտպանություն և օրինակ է ծառայում մյուսների համար: Եթե բելառուսները չդիմակայեն, այս ալիքը կտարածվի նաև այնտեղ», — ասել էր Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ ցույցերն ու գործադուլները արդեն մեկ շաբաթ է` չեն դադարում. առնվազն երկու մարդ զոհվել է, շուրջ յոթ հազարը` ձերբակալվել:
Քվեարկությունից առաջ Լուկաշենկոն պնդել էր, թե օտարերկրյա ուժերը, այդ թվում` Ռուսաստանը, աշխատում են իր դեմ և փորձում է ապակայունացնել իրավիճակը Բելառուսում: Հետընտրական զարգացումներից հետո, սակայն, նա պնդել էր, թե անհրաժեշտ է զանգահարել Վլադիմիր Պուտինին:
«Որոշվել է շարունակել կանոնավոր շփումները` տարբեր մակարդակներում, ինչպես նաև ընդգծվել է դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամությունը, ինչը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերին», — զրույցից հետո հայտարարել է Կրեմլը:
Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում անցած կիրակի տեղի ունեցած քվեարկությունը, և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ևս, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, թե Վաշինգտոնը կարող է սահմանափակումներ մտցնել, կամ` դադարեցնել նավթի մատակարարումները: