Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այդ գործընկերությունը երկար ժամկետի համար է, BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարի հետ հեռավար զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով միաժամանակ, որ Հայաստանը լավ հարաբերություն է զարգացնում նաև Եվրամիության, ԱՄՆ, Իրանի, ՆԱՏՕ-ի և այլ երկրների հետ ու հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Ուշադրության է արժանի հանգամանքը, որ Փաշինյանը չի օգտագործում ռազմավարական դաշնակից ձևակերպումը, այլ գործընկեր: Դա կարևոր հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունում ազնիվ լինելու համար: Ակնառու է, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակից չեն, ավելի շուտ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունում իրեն բոլորովին չի պահում այնպես, ինչպես կպահեր դաշնակիցը: Ըստ այդմ, կա ռազմավարական գործընկերություն, որը խարսխված է անվտանգային շահերում հիմնարար ընդհանրությունների վրա, ոչ ավելի՝ ցավոք, թե բարեբախտաբար: Թերևս, ցավոք, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը կարող էին ունենալ ընդհանուր այլ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություններ ու շահեր, եթե Ռուսաստանում չլիներ առանցքային մի բարդույթ՝ անվստահություն ինքնիշխան Հայաստանի հանդեպ: Դա գործնականում անվստահություն է սեփական ուժերի հանդեպ, որովհետև Մոսկվայում հասկանում են, թե ինչքան ոչ գրավիչ են դարձել որպես իսկապես երկարաժամկետ դաշնակից պետություն, և ոչ միայն Հայաստանի համար:
Փաստ է այն, որ Ռուսաստանը ներկայումս չունի որևէ իրական, խորքային դաշնակից, ինչը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերության խնդիրը ամենևին Հայաստանում չէ: Բայց թե՛ ռուսական, թե՛ նաև հայաստանյան մի շարք ուժեր փորձում են անել հնարավորն ու անհնարը հարաբերության այդ խնդիրների պատասխանատվությունը Հայաստանի վրա թողնելու համար, սեփական քաղաքական կամ խմբային շահերից ելնելով: Դա գործնականում այլ բան չէ, քան ոտնձգություն պետական շահի հանդեպ, որովհետև եթե հայ-ռուսական հարաբերությունում կա պատասխանատվության խնդիրը, ապա այդ խնդիրը եղել է և գտնվում է ռուսական դաշտում: Մյուս կողմից, Հայաստանում լեգիտիմ իշխանության, հանրային վստահություն ունեցող իշխանության հանգամանքը Ռուսաստանին ստիպում է լռելյայն, բայց ուշադրության արժանացնել փաստը: Իսկ խոսքը այն մասին է, որ այդպիսի պարագայում բավականին դժվար է սեփական պատասխանատվության հարցում բացթողումը լեգիտիմ իշխանության վրա թողնելը:
Դա հեշտ էր անել ոչ լեգիտիմ իշխանության պարագայում: Օրինակ`Ապրիլյան քառօրյա պատերազմը, որտեղ, այո՛, Հայաստանի իշխանությունն ունեցել է իր տարիների խնդիրը, բայց գործնականում այդ պատերազմը Հայաստանի և ռեգիոնի դեմ եղել է անվտանգության և կայունության հարցում Ռուսաստանի հետևողական և գիտակցված հակահայկական քաղաքականության հետևանքով:
Ի վերջո, դա կանխելու համար Հայաստանի իշխանության առանցքային ճիշտ գործողությունը պետք է լիներ հենց ռուսական այդ քաղաքականության դեմ գնալը, բայց այդ պարագայում էլ գործի էր դրվելու այսպես ասած՝ ներքին ընդդիմությունը, ինչն այդպես էլ եղավ, և համակարգի մի մասը, հանուն Ռուսաստանի դեմ գնալով մյուս մասին, համատեղ ուժերով ջուրը լցրեց ռուսական քաղաքականության ջրաղացին: Այժմ այդ մեխանիզմն աշխատեցնելը բավականին բարդ է, քանի դեռ կա հանրային վստահություն վայելող իշխանություն: Եվ սա Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար գործոն է: Ըստ այդմ` տվյալ հանգամանքը նաև գնահատման ելակետ կամ չափանիշ է, թե ինչպիսի սպառնալիքներ է պարունակելու անվտանգության այդ գործոնի չեզոքացումը, հետևաբար՝ նաև ինչպիսի հանրային գնահատման պետք է արժանանա լեգիտիմ իշխանության ինստիտուտի դեմ որևէ քայլ՝ լինի դա իշխանությունից, թե ընդդիմությունից արվող քայլ: Հայաստանում իշխանության լեգիտիմությունը հավասարազոր է հայկական բանակի նշանակությանը: