Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ:
ԼՀԿ-ն ներկայացրել է Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները:
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988թ. մայիսի 30–ին: 1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:
2005-2010թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը` որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ:
Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:
2011-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
2014-2016թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։
2011-2018թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր։