Օգոստոսի 12-ին, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ քաղաքացիների ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր սեփական մեքենաներով Հայաստան վերադառնալ ցանկացողներին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ այժմ գործում են մի քանի կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, որոնք կազմակերպում են մեքենաների տեղափոխումը Հայաստան. այդ մեխանիզմն արդեն մի քանի ամիս է ինչ գործում է, և դրա մասին մեր քաղաքացիները քաջատեղյակ են:
«Մեքենայի սեփականատերը Լարսում իր անձնական օգտագործման մեքենան ձևակերպելու պայմանագիր է կնքում համապատասխան կազմակերպության հետ, որն էլ ավտոքարշակով (տարողությունը առավելագույնը 7 մեքենա) մեքենան ուղարկում է Հայաստան: Իսկ քաղաքացին մոտակա օդանավակայանից, որտեղից շաբաթական առնվազն մեկ անգամ չվերթ է կազմակերպվում, կարող է վերադառնալ Հայաստան»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ Հայաստան տեղափոխվող մեքենաներով թույլատրվում է փոխադրել միայն անձնական օգտագործման իրեր, իսկ այլ տիպի բեռները՝ այդ թվում և կոմերցիոն, արգելվում են: Սակայն երբեմն արձանագրվել են տեղափոխման ենթակա մեքենայով քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի քանակությամբ բեռների տեղափոխման դեպքեր: Այս պարագայում խնդիր է առաջանում, քանի որ ավտոքարշակով տեղափոխվող մեքենաները Վրաստանում մաքսային զննման են ենթարկվում:
Ինչ վերաբերում է պատգամավորի այն հայտարարությանը, որ բազմաթիվ մարդիկ են ցուցակագրվում ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու համար՝ հայտնում ենք, որ խոսքը գնում է անօրինական կերպով ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների մասին, որոնք խոստանալով մարդկանց ավտոբուսներով տեղափոխել Հայաստան՝ սահմանին բախվում են խնդիրների ու անհարմարությունների։
Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցները կարող են օգտվել շաբաթական առնվազն մեկ անգամ իրականացվող օդային չվերթներից, իսկ ավտոմեքենան կարող են տեղափոխել ցամաքային ճանապարհով՝ օգտվելով վերոնշված ավտոքարշակման ծառայությունից։
Տեղեկատվության ստուգման կենտրոն