«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել:
Բանն այն է, որ նախարարը հանդիպմանն իր հետ տարել է փոխնախարար ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու:
Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին:
Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթության ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձևաչափով էր անցել քննարկումը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: