FDA ի նախկին ղեկավար Սքոթ Գոթլիբը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը մինչեւ 2020թ․ վերջը կարող են 300 000-ի հասնել՝ կախված այն բանից, թե ինչպես ամերիկացիները կարձագանքեն վիրուսին, հայտնում է CBS-ը:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Միացյալ Նահանգներում կիրակի առավոտյան գերազանցել է 5 միլիոնը, ավելի քան 162 000 մարդ մահացել է: 11 նահանգներում դեպքերը շարունակում են աճել:
Գոթլիբը նշել է, որ ԱՄՆ-ում տեղի է ունեցել կորոնավիրուսի համաճարակի երկու ալիք, առաջինը՝ Նյու Յորքում, երկրորդը՝ Արեւային գոտում, որտեղ այժմ այն նահանջում է: Բայց նա կարծում է, որ երկիրը, հավանաբար, երրորդ ալիքի առջեւ կկանգնի:
Գոթլիբը նախազգուշացրել է, որ երեխաները պաշտպանված չեն այս վիրուսից: «Վերջերս CDC- ն արձանագրել է երեխաների մոտ մուլտիհամակարգային բորբոքային համախտանիշի 570 դեպք: Կան նաեւ այլ դեպքեր: Մենք տեսել ենք ինչպես են երեխաները մահանում: 86 երեխա մահացել է այդ վիրուսից, իսկ հազարավորները հոսպիտալացվել են, ուստի սա վտանգ է երեխաների համար»:
Գոթլիբն ասել է, որ եթե երեխաները պատրաստվում են վերադառնալ դպրոց, «իդեալական» կլինի թեսթավորման այնպիսի ռեժիմը, որի դեպքում ուսուցիչները կթեսթավորվեն դասարան մտնելուց առաջ: Նա խոստովանել է, որ Միացյալ Նահանգներում չկա որեւէ թեսթավորում, որը «թույլ կտա իրականացնել այնպիսի վերահսկողություն, որն անհրաժեշտ է»: