Ախալքալաքի կենտրոնական հրապարակը շրջափակված է, տեղում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ու փորձագետները, քաղաքակի գրեթե բոլոր խաչմերուկներում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներ են տեղակայված:
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները շրջափակել են քաղաքի կենտրոնում`PSP դեղատան դիմաց գտնվող առևտրի կետը, որը Նալբանդյան փողոցի վրա է, քանի որ տեղեկություն է ստացվել այն մասին, որ առևտրի կետի վրա հարձակում է նախապատրաստվում:
Ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանության պատճառով: Ականատեսները Tert.am-ին պատմել էին, որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։
Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։
Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։
Հաջորդիվ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․ դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների հիվանդանոցում մահացել է ևս մեկ անձ։
Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։