forrights.am-ը գրում է. Երկու տարուց ավելի է, քննչական կոմիտեն զբաղվում է զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ: Չնայած այս ընթացքում բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել, որոնք ապացուցում են, որ տղային սպանել են, վեցերորդ կայազորային քննչական բաժնում չեն ուզում հրաժարվել ինքնասպանության վարկածից:
Հիշեցնենք, Արթուր Գասպարյանի դին՝ բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, հայտնաբերվել էր 2018 թվականի մայիսի 4-ին, N զորամասի պահպանության դիրքում: Անմիջապես քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Մեղադրանք առաջադրվեց հենակետի ավագին՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու և զինծառայողին վիրավորանք հասցնելու համար /Քրեական օրենսգրքի 365-րդ և 360-րդ հոդվածներով/: Նա ազատության մեջ է:
Հենց սկզբից Արթուրի ինքնասպանությունը անհավանական էր թվում: Նա փարթամ, ուժեղ տղա էր, մոտ մեկ ու կես տարվա ծառայող, որն անցել էր բանակին հարմարվելու բարդ շրջանը: Մահվան օրը, երեկոյան հեռախոսով խոսել էր քրոջ ու հոր հետ, սպասում էր հարազատներին, որոնք պետք է այցելեին նրան կիրակի: Կյանքին վերջ տալու ոչ մի պատճառ, ըստ հարազատների, չուներ:
Forright.am-ը մի քանի անգամ անդրադարձել է այս գործին, որում բազմաթիվ անհայտներ կան, հարցեր, որոնց ոչ փորձագետներն են անդրադարձել, ոչ քննիչները: Դրանց վրա մեր ուշադրությունը հրավիրեց տուժողի ներկայացուցիչ, քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Forright.am-ի հետ զրույցում նա նշեց, որ օրինակ, դիակի դատաբժշկական եզրակացության համաձայն, Գասպարյանի բերանի խոռոչում, քիմքի հատվածում հայտնաբերվել են հրազենային կրակոցների հետքեր, որոնք, ըստ քննիչների, Գասպարյանը ինքն իրեն հասցրել է իրեն ամրակցված գնդացիրով, բայց փորձագետներից ոչ մեկը մինչ օրս չի պատասխանել հարցին, թե ինչ տրամաչափի գնդակներով են նշված վնասվածքները հասցվել: Ռուբեն Մարտիրոսյանը թվարկեց մի քանի հանգամանքներ, որոնք ակնհայտ են դարձնում, որ տեղի է ունեցել սպանություն, որը բացահայտելու մտադրություն չկա:
Ինչպե՞ս կարող էր Գասպարյանն ինքնասպան լինել գնդացրի երեք մենահատ կրակոցներով
Նախ քննչական մարմինը ապացուցված է համարում, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկու կրակված պարկուճ: Սակայն մատնահետքաբան փորձագետի գրության մեջ նշվում է, որ զենքից պակասում է երեք փամփուշտ, այսինքն, կրակվել է երեք գնդակ: Փորձագետներ Կ. Աբրահամյանը և Ա. Համբարձումյանը երեք պակասող կրակված փամփուշտները դարձրել են երկուսը: Նրանք հնարավոր են համարում, որ Գասպարյանն իրեն սպանած լինի երկու փամփուշտով, սակայն սա բացառվում է, քանի որ գնդացրի ապահովիչը դրված է եղել մենահատ դիրքում, և Գասպարյանը ոչ մի կերպ չէր կարողանա երկու մենահատ կրակոցներով ինքնասպան լինել: Իսկ եթե կրակոցները երեքն են եղել, ինչպես հետևում է մատնահետքաբանական փորձաքննությունից, ապա ստացվում է, որ Գասպարյանն իր գնդացրից արձակել է երեք մենահատ կրակոց, ինչը ընդհանրապես անհեթեթ է դարձնում ինքնասպանության վարկածը:
Արթուր Գասպարյանին սպանել են ԱԿՄ տեսակի զենքով, իսկ գնդացիրը կեղծ իրեղեն ապացույց է
Գասպարյանի ձեռքերի ու հագուստի վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ, բռնության հետքեր: Այս փաստի շուրջ որևէ քննություն չի արվել, իսկ տուժողի իրավահաջորդի պահանջը Արթուրի հագուստի հետքաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մերժվել է: Մինչդեռ քննիչն ինքը, առանց որևէ պահանջ ներկայացնելու պետք է փորձաքննության ուղարկեր Գասպարյանի հագուստը, եթե, իհարկե, ցանկանար պարզել, թե ինչ վնասվածքներ կան դրա վրա, դրանց առաջացման վաղեմությունն ու եղանակը:
Հագուստի ձգաբանական փորձաքննության նկարագրական մասում ֆիքսված են մեխանիկական վնասվածքներ, պատռվածքներ զինվորական վերնազգեստի և տաբատի շրջանում: Սա վկայում է, որ Գասպարյանի հանդեպ մահից առաջ գործադրվել է ճնշում, բռնություն: Ըստ Ռուբեն Մարտիրոսյանը, որն ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, հրազենային մուտքի անցքերից մեկը ունի 18 մմ անգամ 7 մմ տրամագիծ:
«Մինչդեռ Գասպարյանին ամրակցված գնդացիրը կրակում է 5, 45 մմ տրամաչափով գնդակներ: Սա նշանակում է, որ Գասպարյանին սպանել են ոչ թե գնդացիրով, այլ ԱԿՄ տեսակի զենքով, որը կրակում է 7,62 տրամաչափի գնդակներ, իսկ Գասպարյանի գնդացիրը կապ չունի նրա սպանության հետ: Այն կեղծ իրեղեն ապացույց է», — նշում է իրավապաշտպան-փորձագետը:
Գասպարյանի մահացած մարմինը քարշ են տվել իրական դեպքի վայրից կեղծ դեպքի վայր
Գասպարյանի հարազատները ի սկզբանե համոզված էին, որ Արթուրը մահացել է ոչ թե պահպանության դիրքում, մարտական հերթապահության ժամանակ, այլ ուրիշ վայրում, որ նրա դիակը տեղափոխել են, և այդ նոր տեղը արհեստականորեն դարձրել են դեպքի վայր: Այս հարցի պատասխանը կարող են «տալ» Գասպարյանի հագուստի վրայի արյան հետքերի, դրանց բնույթի ուսումնասիրությունը:
«Սպանությունից հետո բնականոն առաջանում են ներծծված հետքեր, երբ դիակից արյունը ծորում է դուրս, հայտնվելով հագուստի վրա: Մինչդեռ քսված հետքերը պետք է միանշանակ վկայեն այն մասին, որ դիակը տեղափոխված է: Փորձաքննությունը կատարվել է տուժող կողմի համառ պահանջներից հետո: Թիվ 14 / ՀՄ եզրակացության մեջ փորձագետը փաստում է, որ հայտնաբերվել են «քսվածքատիպ» հետքեր «տրիկոտաժե անթև շապիկի ձախ, վերին հատվածում, ձախ վերին առաջնային կեսում, ստորին հատվածում, հետին մակերեսի այլ հատվածներում», Գասպարյանի ժիլետի տարբեր մասերում, նրա տրիկոտաժե երկարաթև շապիկի վրա՝ «աջ ուսային հատվածում, աջ թևի վրա, առաջնային ձախ կեսում, հետին ձախ կեսում»: Քսվածքատիպ հետքեր են հայտնաբերվել նաև Գասպարյանի երկարաճիտք կոշիկի վրա:
Եզրակացություններ
1.Գասպարյանին սպանել են այլ վայրում:
2. Գասպարյանին սպանել են ոչ թե նրան ամրակցված գնդացրով, այլ խոշոր տրամաչափի ԱԿՄ տեսակի ինքնաձիգով: Պարտակել են սպանության իրական գործիք հանդիսացող ինքնաձիգի պարկուճները: Գասպարյանն այդ ժամանակ չէր գտնվում արթուն հերթափոխի դիտակետում և հերթապահություն չէր իրականացնում:
3. Սպանությունից հետո Գասպարյանի դիակը տեղափոխել են փնթի ձևով և հապշտապ՝ Գասպարյանի դիակը քարշ տալով մեկ դեմքն ի վայր, մեկ դեմքն ի վեր: Դեպքի վայրը ոչնչացրել են: Ստեղծել են նոր, կեղծ արհեստական դեպքի վայր:
4. Սպանությունից առաջ Գասպարյանին ծեծել ու խոշտանգել են:
«Պետք է հասկանանք, որ քննիչ-դատախազները կույր չեն, նրանք այս ամենը տեսել են ու ֆիքսել են, սակայն չեն ցանկանում սպանությունը կոչել իր անունով, կալանավորել ու պատժել մարդասպաններին, քանի որ ի սկզբանե կատարել են կեղծ հանցավոր քննություն, անձնական , կամ խմբակային շահերից ելնելով: Զարմանալի է, որ ներկայիս իշխանությունները իմանալով այս ամենի մասին, չեն կասեցնում այս հանցավոր մարմնի կողմից կատարվող հանցագործություների շարքի ընթացքը: Որպես իրավապաշտպան, ով կապ չունի քաղաքականության հետ, ցավով ստիպված եմ հայտնել, որ նշված դատաիրավական համակարգի կատարած հանցագործությունները էլ ավելի սարսափելի են, քան եղել են նախկինում: Այսօր մենք գործ ունենք բացահայտ բեսպրեդելի հետ», — եզրակացնում է Ռուբեն Մարտիրոսյանը:
Նման գործելաոճ նա նկատել է ոչ միայն Գասպարյանի, այլ իրեն հայտնի տասը քրեական գործերով, որոնցով հանդիսանում է տուժողի ներկայաուցիչ: