Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից

Հարսնացու Իսրաա Սեբլանին պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Նա խոստովանել է, որ այդ պահին չի հասկացել, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել:

«Մենք ծուխ նկատեցինք երկնքում, երկնքի գույնը սկսեց փոխվել: Մենք հասկացանք, որ ինչ-որ բան է այրվում, սակայն չէինք մտածում, որ դա կարող էր պայթյուն լինել: Վայրկյաններ անց պայթյունի հարվածի ալիքը մեզ տապալեց: Այն գեղեցիկ վայրը, որտեղ մեր նկարահանումն էր ընթանում, վերածվեց ուրվական քաղաքի: Շուրջբոլորը փոշի էր, կոտրված ապակիներ, մարդիկ բղավում էին, արնահոսում: Կարծես սարսափելի երազ լիներ»,-պատմել է Իսրաան:

Աղջիկը Լիբանան էր մեկնել ԱՄՆ-ից ամուսնանալու նպատակով: Այդ օրվան նա պատրաստվել էր 3 շաբաթ, օրուգիշեր:

«Այն պահին, երբ ես պայթյունի ձայն լսեցի, կյանքս աչքիս դիմաց անցավ: Ես մտածեցի, որ վայրկյանների ընթացքում կկորցնեմ ամեն ինչ՝ կյանքս, ամուսնուս, իմ երազանքները, հարսանեկան արարողությունից հետո իմ ծրագրերը»,-կիսվել է Իսրաան:

Հարսանեկան նկարահանման ժամանակ պայթյունի պահը հայտնվել է համացանցում եւ մեծ արձագանք ստացել օգտատերերի կողմից:

Please enter a valid URL