Search
Close this search box.

Հարված Սամվել Ալեքսանյանին. նրա պատկանող հոլդինգին ժամանակ են տվել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:

Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած վարքագիծը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ է ստեղծել այլ տնտեսվարող սուբյեկտների համար: Մասնավորապես՝ «Սիթի» ընկերությունը երկու ընկերություններից ձեռք բերված կարագի համեմատ այլ ներմուծող և (կամ) արտադրող տնտեսվարողներից ձեռք բերված կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել է առավել փոքր քանակություններով, ինչն էլ հանգեցրել է այդ ապրանքների զգալի փոքր ծավալներով իրացմանը:

Միաժամանակ արձանագրվել է, որ «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի մեծածախ շրջանառության ոլորտում դրսևորած վարքագիծը խտրական մոտեցումներ է պարունակում մանրածախ շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ, ինչն ընկերության կողմից ապրանքատեսակների իրացման գների սահմանման հստակ չափանիշների բացակայության արդյունք է:

«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ սահմանելով հստակ չափանիշներ ապրանքների իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ, «Սիթի» ՍՊԸ-ին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը` սահմանելով հստակ չափանիշներ առևտրային ցանցում ապրանքների ընդունման, ցուցադրման, իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ:

Please enter a valid URL