Search
Close this search box.

«Սիրո՛ւն չի, հե՛չ սիրուն չի». Լալա Մնեյան

«Կենաց տուն» ՀԿ մշակութային կենտրոնի տնօրեն Լալա Մնեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան Մարիամի հետ գնացինք Մաշտոցի պուրակ հետախուզության։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպես է բետոնի տակ անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք։ Երևանը դարձել է բետոնի, ասֆալտի և ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ։ Արարատյան դաշտի տապից մեզ փրկողը պարզվում է ոչ թե ծառերն ու այգիներն են, այլ՝ ջերմություն անդրադարձնող բետոնն ու սալիկները։
Եվ պարզվում է նաև, որ մենք ծառի ու զովություն պարգևող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն և միայն սրճարան-ռեստորանների։ Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։ Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու և խանութ-սրճարան հիմնելու մասին են մտածում։
Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը։ Խոսում են, որ կտրած ծառերը թեղիներ են` քաղաքի համար ոչ այնքան պիտանի ծառատեսակ։ Բայց կտրողները քանի՞ հարյուր սոսի ու թխկի են տնկել, որ հիմա էլ իրավունք ունենան թեղիները հեռացնելու։ Ծառի տեսակը պատճառ բռնելը արդարացում չի կարող լինել, քանի որ պուրակը պուրակ պիտի մնա և ոչ թե վերածվի սրճարանի։
Մնում է, որ մեկը գտնվի ու ասի քաղաքապետին` «Սիրո՛ւն չի, հե՛չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո»»:

Please enter a valid URL