4-րդ օրն է՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ է դատապարտյալ Արման Աղվանի Սարգսյանը։
Իր ընտանիքի, անչափահաս երեխաների օրվա հացի կարգավորման խնդիրը լուծելու, իր լրագրող ընկերոջ խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև բոլոր դատապարտյալների անչափահաս երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու, ապրելու միջոցները կարգավորելու համար անժամկետ հացադուլ հայտարարած Սարգսյանը նշել է, որ ընտրել է պայքարի այդ տարբերակը և կանցնի ջրադուլի, եթե իր բարձրաձայնած խնդիրները հրատապ լուծում չստանան։
ArmLife.am-ի հետ զրույցում Ա․Սարգսյանի կինը՝ Կարինե Հայրապետյանը ընդգծել է, որ ամուսնու պայքարը հանուն արդարության է, ուստի միանշանակ սատարում է նրա այդ քայլը և երկու անչափահաս երեխաների հետ միանալու է ամուսնու պայքարին:
«Ցանկացած փորձություն տղամարդու համար է, դժվարությունները հաղթահարելի են, ամենացավալին ու աններելին հասարակության վերաբերմունքն ու իշխանությունների արհամարհանքն են։
Հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր Արմանը, անվերապահորեն վստահում էր վարչապետ Փաշինյանին ու հավատում Հայաստանի վաղվա օրվան։ Անչափահաս երկու զավակներիս հայրը, ընտանիքի միակ կերակրողն ու աշխատողը ևս զերծ չմնաց պատժից․ սարսափելին այն չէ, որ միակ կերակրողն ու աշխատողը պատիժ է կրում, սարսափելին այն է, երբ տեսնում ես ժողովրդի կողմից ընտրված ու նույն ժողովրդին պատժող, արհամարհող ու անտեսող իշխանությունների անտարբերությունը։
Եթե մարդու իրավունքների պաշտպան ունենք, թող գոնե անդրադառան ու իր խոսքն ասի, եթե իհարկե մարդը արժեք ունի Հայաստանում, չեմ խոսում մնացած իրավասու մարմինների լռությունից։
Պարոն Փաշինյան, արդեն 4-րդ օրն է, ինչ անազատության մեջ գտնվող Հայաստանի հպարտ քաղաքացին հացադուլ է հայտարարել, որևէ քայլ ձեռնարկվե՞լ է՝ նրա բողոքը լսելու ուղղությամբ, չէ՞ որ մենք անվերապահորեն հավատացել ենք Ձեր խոսքին, այժմ գործով ապացուցեք, որ Նոր Հաաստանում մարդը գերագույն արժեք է:
Իմ ընտանիքի կողմից ընտրված վարչապետ, դիմում եմ Ձեզ,
ես այլև չեմ կարող կարող համակերպվել այս անորոշ վիճակին, անտեղյակությանը, սպասում եմ Ձեր անդրադարձին, հակառակ դեպքում անչափահաս զավակներիս հետ կանեմ իմ քայլը, դուրս կգամ փողոց և հացադուլ կհայտարարեմ», — եզրափակել է Կարինե Հայրապետյանը: