Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ տղամարդը ընդհանուր ծանոթի միջոցով համաձայնության է եկել Արարատի մարզում բնակվող մի կնոջ հետ, որը հուլիսի 9-ին ծննդաբերել է։ Ծննդաբերությունից հետո նրանք կեղծ տեղեկություններ են ներկայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդի քաղաքի գրասենյակ, ինչի հիման վրա երեխային տրվել է կենսաբանական հայր չհանդիսացող տղամարդու ազգանունը։
Պարզվել է նաև, որ տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ հետագայում էլի փող կտա։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: