Հուլիսի 27-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերը և ժանդարմերիայի ենթակայության տակ գործող քրդական «գյուղական պահապանների» խմբերը նոր գործողություն են սկսել Հայաստանին սահմանակից Իգդիր, Կարս և Իրանի սահմանակից Աղրը նահանգներում։ Ընդհանուր առմամբ գործողությանը ներգրավված է 1170 ծառայող։
Գործողությունն, ըստ պաշտոնական հայտարարության, ուղղված է այդ տարածքներում «զինյալների դեմ պայքարին և երկրի օրակարգից զինյալների հարցն ամբողջությամբ վերացնելուն»։ Գործողությունը կոչվել է “Yıldırım-3 Ağrı Dağı” (Արարատ լեռան թուրքական Ağrı dağı անունից)։
Թուրքագետ Սոնա Սուքիասյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի սահմանակից շրջաններում գործողությունները մեզ համար այդքան վտանգավոր չեն, սակայն ընդհանուր առմամբ ցանկացած տիպի զորաշարժ, որը տեղի է ունենում Հայաստանի հետ սահմանին, բնականաբար պետք է հայկական կողմի ուշադրության ներքո լինի, որպեսզի անվտանգային խնդիրներ չստեղծվեն և ժամանակին կանխվեն հնարավոր ռիսկերը։
Ըստ թյուրքագետի՝ նմանատիպ գործողություններ Թուրքիայի զինված ուժերը, մասնավորապես Ժանդարմերիան և հատուկ նշանակության ուժերը, տարվա մեջ մի քանի անգամ, հատկապես գարնան և ամռան ամիսներին, պարբերաբար իրականացնում են երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում, որտեղ կա քրդական բնակչության լայն զանգված։ Այդ գործողությունները հիմնականում ուղղված են քրդական խմբավորումների, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ։
«Այդ տարածքները նաև մոտ են Իրաքյան Քրդստանին, Սիրիայի հյուսիսին, ինչպես նաև՝ Իրանին, որտեղից հաճախ քուրդ զինյալներ են անցնում Թուրքիա, ճամբարներ դնում։ Դրանք հիմնականում լինում են տարբեր լեռնային գոտիներում, որոնք համեմատաբար ավելի անհասանելի կարող են լինել թուրքական զինված ուժերի ու Ժանդարմերիայի համար»,֊նշեց Սուքիասյանը։
Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը:
Թուրքական կողմը գործողություններին ակտիվորեն ներգրավում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի ենթակայության ներքո: Փորձագետների գնահատականով՝ «Գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է:
Razm.info