Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հուլիսի 28-ին եղել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հյուրը: Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային ոլորտում երկկողմ գործակցության հարցեր: Բնականաբար, չի շրջանցվել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը: Ավելին, ըստ երևույթին, վստահաբար հնարավոր է ասել, որ դեսպանի այցի բուն թեման կամ առիթը եղել է Տավուշի ռազմագործողությունների հարցը և դրանցում հայկական կողմի, ըստ էության, ռազմական հաջողությունը, միաժամանակ ռազմավարական բարելավումները, որ կատարվել են այդ հաջողության արդյունքում:
Խոշոր հաշվով, ԱՄՆ «ծանոթանում» և միաժամանակ, թերևս, «ճանաչում» է հայկական զինուժի ձեռքբերումները Տավուշի այդ ռազմագործողությունների հանրագումարում: Ի դեպ, այդ տեսանկյունից կա մի հատկանշական փաստ ևս՝ դեսպան Լին Թրեյսին տավուշյան լարումից մի քանի օր առաջ այցելել էր պաշտպանության նախարարություն, և նրան հյուրընկալել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՄՆ դեսպանի այս աշխուժությունն ու ՊՆ այցերի ինտենսիվությունը վկայում է, թե որքան լայն ու խորն է տավուշյան իրադարձությունների ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստը:
Ի դեպ, այդ իմաստով, թերևս, կարող ենք անել մի հետաքրքիր հարցադրում-դիտարկում. իսկ Հայաստանում Չինաստանի դեսպանը կգնա՞ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հյուր:
Բանն այն է, որ հուլիսի 7-ին դեսպան Թրեյսիի ՊՆ կատարած այցից և նախարար Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ հուլիսի 9-ին ՊՆ այցելեց և նախարարի հետ հանդիպում ունեցավ նաև Չինաստանի դեսպանը: Երկու օր անց Տավուշում եղավ ադրբեջանական սադրանքն ու հայկական կողմի պատժիչ գործողությունն ի պատասխան այդ սադրանքի: Կպահպանվի՞ ամերիկա-չինական հաջորդականություն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առումով:
Դա, իհարկե, ինչ-որ իմաստով կեսկատակ հարցադրում է, թեև, խոշոր հաշվով, այստեղ ակնառու է խնդրի ռազմա-քաղաքական կարևորությունը: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանի աշխուժությունը վկայում է, որ ԱՄՆ համար ամենևին միևնույն չէ ռեգիոնալ իրավիճակը և դրանում թուրքական ակտիվությունը:
Հայաստանի համար էլ դա հույժ կարևոր է թուրքական սպառնալիքների հակազդման մեխանիզմի դիվերսիֆիկացվածության և, ըստ այդմ, հուսալիության բարձրացման առումով: Դա Հայաստանի համար ռուս-թուրքական հարաբերությունը կառավարելի պահելու հույժ կարևոր տարրերից մեկն է, որն, ի դեպ, հետաքրքիր կերպով դրսևորվում է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, միաժամանակ թուրք-ադրբեջանական խոշոր վարժանքի մասին հայտարարության ֆոնին:
1in.am