Search
Close this search box.

Արման Աբովյանը՝ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին

Ոչ մի խնդիր չի եղել եւ Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին տեղյակ չեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Մեր հարցին, թե «Բարգավաճ Հայաստանի» համար այդ որոշումն անսպասելի՞ է եղել, Արման Աբովյանն ասաց. «Այո, ոչ մի նախադրյալ ընդհանրապես չկար»։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը չկարողացավ հստակ ասել՝ Սերգեյ Բագրատյանը մնալո՞ւ է որպես անկախ պատգամավոր, թե՞ խմբակցությունը պահանջելու է վայր դնել մանդատը:

«Եթե ինչ-որ բան լինի, անպայման կտեղեկացնենք»,- հավելեց նա։

Մենք փորձեցինք կապ հաստատել հենց Սերգեյ Բագրատյանի հետ, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Please enter a valid URL