Զոհված զինծառայողներից մեկը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել ու անցել ծառայության։ Մյուսն ամուսնացած էր, 7-ամյա տղա ուներ։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայող Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր։
Համայնքի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց՝ Սոս Էլբակյանը 28 տարեկան էր։
«Սոսն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու արդեն 6-7 տարի է, ինչ Տավուշի զորամասերից մեկում էր ծառայում։ Նա ամուսնացած չէր, ապրում էր ծնողների, ինչպես նաև եղբոր ու քրոջ հետ։ Տան փոքրն էր»,-ասաց Տիգրանյանը։
Տիգրանյանի խոսքով՝ Սոս Էլբակյանի ուշքն ու միտքը ծառայությունն էր, շատ էր նվիրված ծառայությանը։ Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական վիճակին, ապա, ըստ Տիգրանյանի, սովորական «գյուղացի ընտանիք է՝ խեղճ ու կրակ ապրող»։
Հակառակորդի կրակոցներից զոհված մյուս զինծառայողը՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Համայնքի աշխատակազմի ղեկավար Աննա Պլուզյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ Գարուշը 31 տարեկան էր։ Նա ամուսնացած էր, ուներ 7-ամյա որդի։
Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈւ երկու զինծառայող են զոհվել՝
մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը