Հայրենատե՛ր Հայեր
Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգեց ևս մեկ ամսով: Աննախադեպ, որովհետև նման իրավիճակ գոյություն չունի աշխարհի որևէ պետությունում, նույնիսկ կորոնավիրուսային հիվանդությունից առավել տուժած Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գոյություն չունի, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ Արտակարգ դրության փաշինյանական տարբերակը որևէ կապ չունի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հետ: Հայ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ Արտակարգ դրության ռեժիմը Փաշինյան Նիկոլին պետք է՝ սեփական իշխանության ձախողումները քողարկելու և իշխանության մոտալուտ վախճանը հետաձգելու համար:
Փաշինյան Նիկոլը հերթական անգամ երկարաձգեց Արտակարգ դրությունը, քանի որ շատ լավ տեղեկացված է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել սույն թվականի հուլիսի 19-ին Մասիս քաղաքում «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հանրահավաք անելու մասին, որին միանալու ցանկություն են հայտնել Հայաստանի հազարավոր քաղաքացիներ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր բազմահազար համակիրներին տեղեկացնում է, որ հարկադրված է ևս մեկ ամսով հետաձգել Հայաստանի հակազգային և օտարահպատակ իշխանությանը հեռացնելու նպատակով կազմակերպվելիք հանրահավաքի անցկացումը և «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով բազմահազարանոց հավաքը (միտինգը) տեղի է ունենալու սույն թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 30-րդ տարեդարձի օրը:
Մենք նաև հասկանում ենք, որ Փաշինյան Նիկոլն իր պաշտոնավարումը երկարաձգելու համար պատրաստ է Հայաստանը հավերժ պահել կորոնավիրուսային ճիրաններում, և այդ հիմնավորմամբ անվերջ երկարաձգել Արտակարգ դրության ռեժիմը: Բայց ամեն ինչ՝ այդ թվում նաև Հայ Ազգի համբերությունը, ունի իր սահմանը:
Սուրբ Հայաստանն այսօր կործանող օտարահպատակ իշխանության ժամանակաշրջանում օրենքի և օրինականության շրջանակներում գործելու մեր պարտականությունը չի կարող ավելի բարձր լինել, քան Հայոց պետությունը կործանողների դեմ վճռական պայքար մղելու մեր հաստատակամ որոշումը:
Մոտենում է այն պահը, երբ այլևս ոչ մի Արտակարգ դրության ռեժիմ չի կարող խոչընդոտել Հայաստանի իշխանությունը օտարահպատակ ուժերից Հայ Ժողովրդին վերադարձնելու մեր որոշման իրականացմանը:
Հայաստանը կործանումից փրկելու գաղափարը մեզ համար ավելի բարձր է, քան ցանկացած չակերտավոր օրենք ու որոշում, որն ընդունվում է հայաստանակործան ուժերի թելադրանքով և ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Ամեն անցնող օր ավելի խորն է բացահայտում Հայաստանի այս իշխանության հակազգային և հակահայկական էությունը և ավելի է համախմբում մեզ՝ այդ հանցավոր ռեժիմի դեմ պայքար մղելու, իշխանությունից հեռացնելու և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելու գործում:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան