Search
Close this search box.

Ինձ միանգամից կախաղան են հա՞ հանում. դպրոցի տնօրենը՝ ԿԳՄՍՆ-ին դատի տալու մասին

Ցավում եմ, որ, նախարար լինելով, նման գնահատական կարող է տալ այդ ամենին՝ առանց տնօրենին ճանաչելու, նրա հետ մի վայրկյան զրուցելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, որը դատական հայց է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ՝ պահանջելով իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ թիվ 114 դպրոցում տնօրենի մասնակցությամբ նշվել է Վերջին զանգը, ինչը հակահամաճարակային կանոնների խախտում է։

«Ամսի 25-ին դպրոցում ատեստատների հանձնում էր, որից հետո մի դասարան երաժշտությամբ ներս մտավ, այդ դեպքը նախարարը վերնագրեց՝ Վերջին զանգի միջոցառում։ Վերջին զանգի միջոցառում չի եղել, ես միջոցառում չեմ կազմակերպել, չեմ անցկացրել, որի համար ինձ խիստ նկատողություն տրվեց։ Քանի որ ես համաձայն չեմ խիստ նկատողության հետ՝ դատարան եմ դիմել։ Գրավոր խիստ նկատողությունը հեռացում չէ, սակայն նման բանի համար խիստ նկատողություն չի տրվում, ես համաձայն չեմ, իմ իրավունքն եմ փորձում պաշտպանել»,- պատմեց նա։

Հարցին՝ արդյոք ինքը հանդիպե՞լ է նախարար Արայիկ Հարությունյանի հետ, տնօրենն ասաց, որ չի հանդիպել։

Կոստանյանը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել այդ դեպքը, որը նախարարը եւ վարչապետը անվանել են Վերջին զանգ։

«Վերջին պահին ներս մտան, ինձ պարեցրին իմ աշխատասենյակում, մի երեխա էլ ինձ հետ պարեց, այդ ձեւով հրաժեշտ տվեցին, այդտեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ի դեպ պարետի այդ խիստ որոշումները ավելի ուշ են եղել։ Մի խոսքով՝ մենք ոչ մի շրջաբերական, ոչ մի կոնկրետ ցուցում, հրահանգ ատեստատների բաշխման օրվա հետ կապված չենք ստացել ու դա շատ անակնկալ է եղել, ես ինքս էլ անակնկալի եմ եկել։ Երեխան ինձ կանչում է պարելու, այդտեղ ի՞նչ արտասովոր բան կա, ի՞նչ է պատահել, սո՞ւգ էր հայտարարված՝ չեմ սգացել։ Երեւի նախարարն էլ, բոլորս էլ գիտենք, թե ինչպես է Վերջին զանգը կազմակերպվում։ Մի դասարանի համար Վերջին զանգ ես կազմակերպում, մյուսների համար ոչ մի բա՞ն, այդպես լինո՞ւմ է։ Նախարարը վստահ է, որ դա իմ աշխատասենյակում է եղել, վերջին զանգ չի լինում տնօրենի աշխատասենյակում, լինում է դահլիճում, նախապես պատրաստվում են»։

Ռուզաննա Կոստանյանի խոսքով՝ որեւէ սխալ քայլ իրենց կողմից չի տրվել, որ այդ տեսանյութը հրապարակվել ու այդպիսի որակում է տրվել.

«Ի՞նչ է նշանակում՝ Վերջին զանգի վերջին պարը։ Ինձ միանգամից կախաղան են հա՞ հանում, ես այլեւս չե՞մ պարելու։ Ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ, թոռներ ունեմ եւ անհարամար չի՞ այսպիսի որակումը։ Շատ ցավում եմ, որ, նախարար լինելով, նման գնահատական կարող է տալ այս ամենին՝ առանց տնօրենին ճանաչելու, առանց տնօրենի հետ մի վայրկյան զրուցելու։ Եթե ուզում էին ճշտել, 4-5 ծնող է եղել, ոչ մի ուսուցիչ, բացի դասղեկներից, ներկա չի եղել։ Նա շատ լավ համոզված է, որ վերջին զանգ չի եղել, ուղղակի երեւի թե պետք է այդպես աներ, որի համար շատ ցավում եմ։ Սուգ է հայտարարվա՞ծ եղել երկրում։ Բոլոր պահանջները կատարված են եղել՝ ախտահանված է եղել, ջերմաչափված են եղել երեխաները»։

Կոստանյանն ասաց, որ բացատրագիր է գրել, որտեղ մանրամասն նկարագրել է՝ ինչպես է կատարվել այդ ամենը. «Ես գրեցի՝ շատ ցավում եմ նման թյուրիմացության համար, որի համար ներողություն եմ խնդրում, մարդ եմ չէ՞։ Առողջապահության նախարարը ամբողջ հանրությունից ներողություն խնդրեց, չներվե՞ց։ Մարդը նրա համար է, որ կարող է՝ սխալ անի եւ դրանից ոչ մի աշակերտ չի տուժել, ոչ մի հիվանդացող չի եղել, ես անընդհատ կապի մեջ եմ եղել երեխաների հետ»։

Նշենք, որ թիվ 114 ավագ դպրոցի աշակերտները նաեւ ստորագրահավաք էին նախաձեռնել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:

Please enter a valid URL