«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում սկանդալային միջադեպ է արձանագրվել: Դատական նիստում քննարկվել է արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող Վանիկ Մանուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը:
Երբ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը գնացել է խորհրդակցական սենյակ, կալանավորի և դատախազի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, կրքերը թեժացել են: Մեղադրող դատախազ Հայկ Մելքոնյանը կալանավորին հայհոյանք է ուղղել, ասելով՝ «բ-ի տղա»:
Այս արտահայտությունը լսելով, Մանուկյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը, որն էլ մեզ փոխանցեց կատարվածը, վեճի է բռնվել դատախազի հետ: Նիստի մասնակիցների միջև կոնֆլիկտը շարունակվել է միջանցքում և ավարտվել փոխադարձ վիրավորանքներով:
«Դատական նիստի ընթացքում Հայկ Մելքոնյանը հայհոյեց իմ պաշտպանյալին: Ես նրան հակադարձեցի, ասելով, թե ո՞վ ես դու, որ կալանավորի ես հայհոյում, նա էլ սկզբից ասեց՝ լավ եմ անում, հետո էլ հրաժարվեց իր խոսքից»,- տեղեկությունը հաստատեց Հակոբ Ճարոյանը:
Ի՞նչ իրավունք ունի դատախազը հայհոյել կալանավորին, Ձեզ հայտնի՞ է այս միջադեպի մասին: Հարցերն ուղղեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Այս տհաճ միջադեպից նա տեղյակ չէր:
«Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք,- ասաց Գոռ Աբրահամյանը,- եթե դատավարության մասնակիցների, դատավորի կողմից դատախազի վարքագծի հետ կապված դիմում է ստացվում, կամ առկա են լինում ԶԼՄ հրապարակումներ, դրանցով ներկայացվող հանգամանքները մեր կողմից դարձվում են ուսումնասիրության առարկա: Բավարար հիմքերի դեպքում կարող է կարգապահական վարույթ հարուցվել և գնահատական տրվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում