Հենց որ Նիկոլ Փաշինյանը հերթական մտքի <փայլատակումն է> արտանետում եւ ասում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ-որ բանի մատերիալ չէ, ՀՀ քաղաքացուն անմիջապես դարձնում են հենց այդ <մատերիալը>։
Նիկոլը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանվելու <մատերիալ> չէ եւ շատ արագ, ի տեսա բոլորի, երկրի եւ աշխարհի աչքերի առաջ ՀՀ քաղաքացուն դարձին <տուգանվելու մատերիալ>, տուգանում են դիմակի համար, անձնագիր մոտը չունենալու համար, մտադիր էին տուգանքները մեծացնել բաց եւ փակ տարածքների համար, հետո, ամոթը երեւի մի քիչ զգաստացրեց ոմանց, եւ այդ նախագիծը առայժմ ետ կանչվեց կառավարություն։
Այսօր էլ, Նիկոլը հայտարարեց․<ՀՀ Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայով>։
Իսկ սա բաց տեքստով նշանակում է հակառակը, որովհետեւ Նիկոլի բոլոր ասածները վերջին երկու տարում կատարվում են 180 աստիճանով հակառակ ուղղությամբ՝ տուգանվելու չ-մատերիալը անմիջապես դարձավ տուգանվելու մատերիալ, կորոնայից չ-մահանալու մատերիալն արդեն ամիսներ շարունակ դարձել է կորոնայից մահանալու մատերիալ․․․ Եվ այս տրագիկոմեդիան, որի անունը Փաշինյանական իշխանություն է, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին տուգանվելու եւ կորոնայից մահանալու մատերիալից չի դարձել՝ պայքարի մարտիկ, սեփական իրավունքներին տեր կանգնող ՀՀ ազատ քաղաքացի, քանի դեռ լրիվ չի բացել իր աչքերը եւ իր բերանը եւ չի մերժել Նիկոլին, որպես մերժելու մատերիալ․․