Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետ Շահգալդյանը:
«Այո, չնայած թեստ չեմ հանձնել, սակայն 2 օր առաջ ԿՏ-ով հաստատվեց, որ թոքաբորբ եմ: Թեստի անհրաժեշտություն նույնիսկ չկար, քանի որ սիմպտոմները լրիվ համընկնում էին: Ամսի 3-ից համի հոտի զգացման կորուստ ունեի, ջերմում էի, զգացի, որ գնալով բարձրանում է, դիմեցի բժշկի, հետազոտություններ անցա եւ ըստ այդմ արեցին նշանակումներ»,- պատմեց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ քանի որ ախտանշաններն արդեն իսկ հուշում էին, որ իր մոտ կորոնավիրուսային հիվանդություն է, համապատասխան նշանակումեր են արվել. «Բուժում եւ դրանից հետո նոր թեստավորում կանեն՝ պարզելու, թե դրական է պատասխանը, թե՝ ոչ»։
Քաղաքապետը նշեց, որ բուժումը ստանում է տանը. «Մենք 2 բնակարան ունենք նույն շենքի 2-րդ եւ 5-րդ հարկերում, ընտանիքի անդամներից մեկուսացել եմ, նրանց մոտ ամեն ինչ լավ է։ Ես օրը երեք անգամ սիստեմա եմ ընդունում, վիճակս լավ է, կարելի է ասել, որ արդեն սովորական կյանքով եմ ապրում: Համի եւ հոտի զգացումս վերականգնվել է, վստահ եմ մի քանի օրից ավելի լավ կլինեմ»։
Հարցին՝ արդյոք իրեն հայտնի՞ է, թե որտեղից է վարակվել, քաղաքապետն ասաց, որ չի պատկերացնում՝ ումից կարող էր վարակված լինել. «Բայց շփումներից խուսափելը անհնար էր, քանի որ բնակիչների հետ հանդիպումները շատ էրին, մարդիկ խնդիրներ ունեին, չէի կարող չընդունել»:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում