Search
Close this search box.

Ուղեղի ու թոքերի աշխատանքի խնդիրներ` covid-19-ից բուժվածներից ոմանց մոտ

«Լանսեթ» բժշկական ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսով վարակված 153 հիվանդների նկատմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքը, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։ Հետազոտությունն անցկացրած մասնագետները պատկերը բացատրում են այսպես` կովիդ 19-ով ծանր տառապածներից շատերի մոտ առաջ են գալիս բարդություններ ուղեղի աշխատանքում: Նրանց խոսքերով այդ հիվանդների մեկ երրորդի մոտ նկատվում են հոգեբանական մտավոր վիճակի փոփոխություն, ուղեղի բորբոքում, պսիխոզի եւ դիմենցիայի ախտանիշներ: Եվ այժմ նրանք հորդորում են, որպեսզի հիվանդությունը ծանր տարած անձինք մնան մեծ ուշադրության կենտրոնում:

Հիվանդներից Սյուզան Քրեսվելն այժմ տառապում է գիշերային մղձավանջներից, եւ երբեմն չի գիտակցում, թե ինքը տվյալ պահին վերակենդանացման բաժանմունքում է, կոմայի մեջ, թե տանը: Ինչպես նա է նկարագրում, առաջին երկու-երեք օրերին գիշերներն ինքը վախենում էր քնել, քանի որ նախորդ օրը շարունակ տեսել էր նույն երազն այն մասին, որ գտնվում է կոմայի մեջ:

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի քաղաքային հիվանդանոցում բժիշկները կազմել են հատուկ մասնագիտացված մի խումբ, որի կազմի մեջ են մտնում շնչառության եւ վերակենդանացման մասնագետներ, ինչպես նաեւ հոգեբույժներ ու հոգեբաններ, որոնք պարբերաբար կապ են հաստատում վիրուսով վարակված հարյուրավոր նախկին հիվանդների հետ:

Պրոֆեսոր Շարլոթ Բոլթոնն ասում է, թե իրենք ունեն մի շարք ախտանիշներ ունեցող բազմաթիվ նախկին հիվանդներ: «Ոմանց մոտ կան շնչառության պակասի խնդիրներ, ոմանք ունեն շարունակական հազ, ընդհանուր եւ մկանային թուլություն», ասում է նա ու ավելացնում, որ ոմանց մոտ առկա են նաեւ վառ երազների, հիշողության կորստի դեպքեր: «Նախկին հիվանդների շրջանում կան մարդիկ, որոնք հիշողության կորստի պատճառով այսօր չեն կարողանում վերադառնալ աշխատանքի»,- ասում է նա:

Թե այս ախտանիշներն այսօր ցույց տվող անձանց քանի տոկոսի մոտ դրանք կդառնան մշտական հիվանդություններ ու քանիսի մոտ դրանք ժամանակի ընթացքում կանցնեն, դեռեւս պարզ չէ:

Այս ախտանիշները հիմնականում նկատվում են նրանց մոտ, ովքեր ավելի երկար են բուժում ստացել հիվանդանոցներում, ում մոտ ավելի սուր է եղել կովիդը, ովքեր ավելի երկար են եղել կախյալ թթվածնի սնուցումից:

Բժիշկներն այդ պատճառով այսօր մեծաթիվ հիվանդանոցներում մարդկանց շնչառական սարքերին են միացնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ենթադրելով, որ այդ սարքից կախյալ վիճակն ի վերջո բացասաբար է ազդում մարդու վրա: Մեքենան իր վրա է վերցնում օրգանիզմն աշխատեցնելու պատասխանատվությունը, ու այսպիսով փոխում բնական ֆունկցիան:

Կովիդով վարակված նախկին հիվանդներից շատերի մոտ հայտնաբերվում են թոքերի սպիներ: Շատերի մոտ դրանք անցնում են, սակայն որոշ հիվանդների մոտ հասցված վնասը շարունակվում է: Հետազոտությունն անցկացրած բժիշկները ցույց են տալիս ռենտգեն նկարահանումներ, որոնք խոսում են իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի մասին, ինչը թոքերի սպիացման զարգացող հիվանդություն է, հիվանդություն, որի զոհն են մարդիկ դառնում երեք տարվա ընթացքում:

Գիտնականներն ասում են, որ այսօր վստահ չեն, թե կովիդով հիվանդացած մարդկանց քանի տոկոսի մոտ կա նման վտանգ, սակայն այն, որ նախկին այդ հիվանդները պետք է մնան հսկողության ներքո, պարտադիր է:

Please enter a valid URL