ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից:
Քաղաքացիական գործերով ժամանակի հաշվարկը սկսվում է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ քրեական գործերով` մեղադրանք առաջադրելու պահից (տես «Դեվեյերն ընդդեմ Բելգիայի» գործը): Ժամանակի հաշվարկն ավարտվում է այն պահին, երբ ավարտվում է գործի քննությունը բարձրագույն դատական ատյանում, այսինքն, երբ ընդունվում է վերջնական դատական ակտ (տես «Սկոպելլիտին ընդդեմ Իտալիայի» գործը):
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է` ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Չնայած դրան, Դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, Դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:
Հ.Գ. Աշխատանքային վեճերի վերաբերյալ Դատարանը նշում է. «աշխատողը, որը կարծում է, որ անօրինական ձևով է ազատվել իր պարտականությունների կատարումից, անձամբ հետաքրքրված է, որ իր նկատմամբ կիրառված միջոցի անօրինականության վերաբերյալ որոշումը կայացվի անհապաղ (տես` «Օբերմայերն ընդդեմ Ավստրիայի» գործը):
Եվրոպական դատարանի բոլոր նախադեպերը հաստատում են, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառները: Իսկ մնացածը` դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի և նրա պաշտպանի, ինչպես նաև գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող:
Ներպետական մարմիններում դատաքննության կամ այլ դատական վարույթի տևողության ժամկետը գնահատելիս Դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, համաձայն որի ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումներով:
Այսպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, որը ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է և գերակայություն ունի վերջինիս նկատմամբ, արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը գործը ողջամիտ ժամկետում քննելն է: Գործերի քննության անհիմն և չպատճառաբանված ձգձգումները մարդու իրավունքի կոպիտ խախտումներ են:
Հ.Գ. Ինձ վերաբերող գործով՝ Վճռաբեկ դատարանում քննության բոլոր հնարավոր անհիմն և չպատճառաբանված ձգձգումները իմ իրավունքի կոպիտ խախտումներ են… և ես միանշանակ դիմելու եմ թե’ Սահմանադրական դատարան և թե’ Մարդու իրավունքների եվրոպական դատարան…