ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայում երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը:
Հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: