Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը: Չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձևավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:
Նախ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առևտրի ծավալների կրճատման մասին: Ավելին ենթադրվում է, որ կրճատման տեմպերը 10-30 տոկոս ծավալով կպահպանվեն մինչև տարեվերջ: Հետո Եվրամիության վիճակագիրները տվյալներ հրապարակեցին եվրոպական սպառողների աննախադեպ խնայողության ռեժիմի անցնելու մասին: Համաշխարհային լրատվության ամենատարածված թեմաները աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատման մասին են: Արդյունքում կտրուկ «կրճատվել» է պահանջարկը:
Մեր վիճակագիրներն էլ հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ամփոփելիս նշում են, որ առևտրի ոլորտը կրճատվել է համարյա 10 տոկոսով՝ մանրածախ առևտուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.1 տոկոսով, մեծածախը՝ 7.3 (այն, որ անկման պարագային մեծածախ առևտուրը սկզբում մի փոքր հետ է մնում մանրածախից՝ դասագրքային ձևակերպում է): Հիմա հայտրարարվում է, որ 2020թ․ հունվար հունիսի սպառողական գների ինդեքսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 տոկոս է: Այս ցուցանիշով կարող ենք «հպարտանալ»՝ նշելով, որ Եվրամիության անդամ երկրներին համահունչ ցուցանիշ ունենք:
Իսկապես, զարգացած երկրների մեծ մասում գնաճ չկա: Նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1-2 տոկոսանոց գնանկում է արձանագրվել (խոսքը սպառողական գների մասին է): Հիմա այնտեղ էլ տնտեսագետները գնաճի փաստը կընդունեն որպես աչքալուսանք: Որովհետև գնաճը վերականգնվող տնտեսական ծավալների առաջին ազդակներից կլինի:
Բայց վերադառնանք մեր թվերին ու արձանագրենք, որ մեր պարագային գնաճի առկայությունը տնտեսության առողջացում-աշխուժացման ցուցանիշ չէ: Այն պարզ պատճառով, որ այն ակցիզային հարկի փոփոխության արդյունք է: Այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 1.7 տոկոս գնաճ է արձանագրել (իսկ այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ՝ 1.4 տոկոս գնանկում): Այս տարվա գնաճն ապահովվել է «Ալկոհոլային խմիչք և ծխախոտային ապրանքատեսակներ» անվանվող խմբի հաշվին՝ գնաճը կազմել է 9.2 տոկոս: Ծառայությունների ոլորտ կոչվածը ուսուցչի բառապաշարով ասած՝ ազատ թեմայով շարադրություն է մեր իշխանությունների ու պաշտոնական վիճակագրության համար: Այստեղ միշտ էլ հեշտ է «ցանկալի» պատկեր ստանալ: Առաջին կիսամյակի վերջում ցանկալի ասածը գնաճն է, որ «պատկերվել է» 3.5 տոկոսի չափով: Հաջորդ ոլորտը, ուր գնաճ կա, համարյա անհավատալի փոստերի շարքից կլիներ, եթե շարունակություն-բացատրություն չունենար: «Ռեստարաններ, հյուրանոցներ» ապարանք-տողախմբի դիմաց նշված է 1.8 տոկոսանոց գնաճ: Մի շտապեք զարմացած հարցնել՝ «Ովքե՞ր են օգտվել ռեստորաններ-հյուրանոցներից, որ գնաճ են ապահովել»: Հիշեք, թե որտեղ էին մեկուսանում համավարակից պատուհասվածներն ու կասկածվողները:
Իսկ մյուս ոլորտը, ուր համարյա նույնչափ գնաճ կա՝ առողջապահությունն է՝ 1.7 տոկոս (նկատենք, որ բնական լինելու աստիճան տարօրինակ փաստ է): Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ սա կոռուպցիայի հետևանք է: Կարելի է հրաժարվել այդ պնդումից ու ասել, որ դա պարզապես տնտեսությունն ակտիվացնելու փորձ է: Բավական ինքնատիպ փորձ: Ի վերջո մրգերի գանճն էլ իրականում համավարակի պատճառով է և ավելի շուտ վիտամինների ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ապրանքատեսակի գնաճ է:
Այնպես, որ մեր տնտեսությունում կատարվող ամեն ինչ (կամա, թե՝ ակամա) համավարակի հետևանք-գործընթաց է:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org