Search
Close this search box.

Մյուս տատիկս էլ է մահացել ու դեռ ոչ մի թղթաբանութամբ չենք զբաղվել. Գյումրեցի մահացած տատիկի թոռնուհի

Օրեր առաջ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից գյումրեցի տատիկ էր մահացել, ում դին կորել էր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը երեկ պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել են Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին, այդ հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Այսօր՝ հուլիսի 3-ին Analitik.am-ի հետ զրույցում Կարապետյանի թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը, նշեց, որ սխալ անուն-ազգանուն գրելն արդեն անփութություն է․«Նորմալ է, որ պետք է արդարանան ու մյուսներին մեղադրեն, բայց փաստ է, որ տատիկիս դին հայտնաբերվել է ոստիկանների կողմից: Մանրամասներին չեմ տիրապետում, ուղղակի մի բան կասեմ՝ շատ վատ են աշխատում: Հստակ է, որ նույն հիվանդանոցի սանիտարը ձեռագիրը չի հասկացել, ու սխալ անուն-ազգանուն գրելու հետևանքով է այս խնդիրն առաջացել: Լավ եթե ձեր անփութությունը չէր, բա ո՞ւմն էր»:

Մեր զրուցակցի խոսքերով, անհասկանալի բաներ են տեղի ունեցել, մինչև անգամ իր տատիկի գրպանից գումար է անհետացել. «Կամավոր մայրապետը, ով իրենց ասելով, խնամում էր տատիկիս, նրա հեռախոսի գումարը փոխանցել էր իր հաշվին: Այս ամենը մեզ ամենաքիչն էր հետաքրքրում, մեզ մեր տատիկի դին էր հետաքրքիր ու, փառք Աստծո, որ գտնվեց»:

Թոռնուհու խոսքերով, նրանք դեռ տատիկի էպիկրիզն անգամ չեն ստացել. «Այս պահին մենք շատ խառն ենք, մյուս տատիկս էլ է մահացել ու դեռ ոչ մի թղթաբանութամբ չենք զբաղվել»:

Նշենք, որ Մարիամի մյուս տատիկի մահվան պատճառը կորոնավիրուսը չէ:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղի ունեցածը որակեց որպես շփոթմունք:

Please enter a valid URL