Search
Close this search box.

Հայրս ասում էր, որ իրեն «շան տեղ» չեն դնում հիվանդանոցում. Կորոնավիրուսից մահացածի դուստր

Այսօր՝ հուլիսի 3-ին, Analitik.am-ին ահազանգել է Երևան քաղաքի բնակչուհի Հասմիկը՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակված իր հայրիկին Նորքի ինֆեկցիոն ԲԿ-ում շատ վատ են վերաբերվել և անհասկանալի բուժումներ են իրականացրել. «Հայրիկիս շտապօգնությունով տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ թեստավորել են: Պատասխանը դրական է եղել:

Երկու օր հայրիկս պառկել է հիվանդանոցում: Ես այդ ընթացքում անընդհատ կապի մեջ եմ եղել բուժող բժշկի հետ, նրան խնդրել եմ, որ թեստի պատասխանը հայրիկիս չասեն:

Հայրիկիս մահանալու օրը խոսել եմ վերջինիս հետ, ամեն ինչ կարգին էր: Խոսելուց մոտավորապես 3 ժամ հետո ինձ զանգահարում է բժիշկն ու ասում, որ հայրս մահացել է:

Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են Ազգային կենտրոնից զանգահարել հորս ու ասել թեստի պատասխանները: Պատասխաններն իմանալուց մեկ ժամ հետո հորս ինֆարկտ է խփել»:

Մեր զրուցակցի խոսքերով, մինչ օրս չի ստացել իր հայրիկի անկետան, տեղյակ չէ, թե ինչ բուժում է ստացել. «Ես ուզում եմ անկետան ստանալ, որ հասկանամ ինչ բուժում է հայրիկս ստացել, որովհետև, բժիշկ չլինելով, հասկանում եմ, որ դա ստանդարտ բուժում է: Ուզում եմ գոնե հասկանալ, թե ինչ է կատարվել: Շատերից եմ լսել, որ հիվանդանոցներում ոչինչ չեն անում:

Երբ հայրիկիս հետ խոսում էի, ասում էր, որ իրեն «շան տեղ» չեն դնում հիվանդանոցում ու ես բավականին հարցեր ունեմ, որոնց պատասխանները բժիշկներն ինձ չեն տալիս»:

Տիկին Հասմիկի խոսքերով, անատոմիկում ականատես է եղել մի երևույթի, որտեղ աշխատողներն էին որոշում մահվան պատճառը. «Ես լսում էի նրանց խոսակցությունը: Մեկն ասում էր՝ գրի սուր ինֆարկտ, իսկ մյուն էլ ասում էր՝ չէ կովիդ եմ գրում:

Դրանից հետո զանգել եմ հայրիկիս բուժող բժշկին, որ հասկանամ որտեղից պետք է վերցնեմ անկետան, նա ինձ ասաց՝ գնա անատոմիկում կտան: Գնացել եմ անատոմիկ, ասացին՝ նախարարի հրամանով իրենք առձեռն ոչինչ չեն տալիս, «եթե պետք ա, գնացեք հիվանդանոցից ստացեք»: Այնինչ, ինձ հիվանդանոցից էին ուղղորդել անատոմիկ:

Մի խոսքով, մեկը մյուսի վրա էր գցում ու արդյունքում մինչև հիմա անկետան չեմ տեսել ու չգիտեմ՝ ինչ բուժում է անցել հայրիկս: Ես այդ անփութության ցավը տարել եմ ու չեմ ուզում ուրիշն էլ տանի»:

Տիկին Հասմիկը նշեց, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բազմաթիվ անուշադրության սխալների է ականատես եղել. «Անկետայի մեջ այնքա՜ն ջնջումներ կային: Ես վստահ եմ՝ երեկվա տատիկի դեպքն էլ է անուշադրության հետևանք: Ով գիտի՝ քանի՞ նման դեպքեր են եղել:

Ղազարը Նազար էին գրում, հարցնում են՝ «Ռշտունին» ազգանո՞ւն է, թե՝ անուն: Այսինքն, այնտեղ անգրագիտությունը 100 տոկոս է: Պապաս բժշկին հարցրել է, թե ինչով է պայմանավորված նման անգրագիտությունը, նա ասել է «պապի ջան, ես հիմա ուրիշ պրոբլեմ ունեմ»:

60-ից բարձր բոլոր հասկացող բժիշկներին աշխատանքից ազատեցին, իսկ կամավորների անվան տակ բոլոր ջահելներին բերեցին հիվանդանոց, բա դրա համար էլ սենցա լինում»:

Տիկնոջ խոսքերով, երբ բժշկի հետ խոսելիս հարցրել է, թե ինչ բուժում է ստանում իր հայրիկը, պատասխանը եղել է, որ այս պահին չեն հիշում. «Կասկածներն ինձ տանջում են, ես ուզում եմ հասկանալ՝ ինչ բուժում է ստացել իմ հայրիկը: Հայրիկիս թուղթ էին տվել ստորագրելու համար, որի մեջ գրված էր. «Ես՝ որպես կովիդով հիվանդ, պարտավորվում եմ ախտահանել սենյակը, զուգարանը, ծորակը: Այսինքն, դա հիվանդի պարտավորությո՞ւնն է: Ահավոր վիճակում է այս համակարգը»:

Please enter a valid URL