Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով նիստը։ Վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին և սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։
Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, և որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն փոխել պետպատվերի չափը»:
Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։