ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ՀՀ վարչապետին ուղղված «զորակցության» նամակի մասին:
Զուգահեռներ անցկացնելով կայքում տեղադրված լուրի խորագրի ու նաև վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների միջև առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիայի նախագահի հայտնած զորակցությունը վերաբերում է նույն այդ զարգացումներին ու մասնավորապես ՍԴ-ի կապակցությամբ ընդունված օրենքին, մինչդեռ ինչպես պարզ է դառնում նամակի բովանդակությունից դա ընդհանրապես այլ թեմա է շոշափում և վերաբերում է կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարին:
Իսկ առավել հետաքրքիրը նամակի հղման թվականն է, որի մասին որևէ նշում չկա հաղորդագրության մեջ: Սակայն դատելով նամակում ՀՀ վարչապետի ապաքինման կապակցությամբ Մակրոնի հայտնած ուրախությունից ու նաև այն մատնանշումից թե «առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին» կարելի է ենթադրել, որ նամակը հավանաբար հղվել է մինչև հունիսի 23-ը, երբ Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը:
Հարց է ծագում թե ե՞րբ է հղվել Ֆրանսիայի նախագահի նամակը: Իսկ եթե ճիշտ են վերը կատարված մատնանշումները ինչո՞ւ նամակը հրապարակվել է ուշացումով ու նման շփոթեցնող խորագրով:
Չբացառելով այն հնարավորությունը, որ բժիշկների նոր խմբի մասին մատնանշումը կարող է վերաբերվել մեկ այլ խմբի գործուղմանը, թվում է նամակի բնագրի հրապարակումը կարող է հստակեցում մտցնել այս հարցերում:
Հ.Գ. Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում հնարավոր չեղավ գտնել նամակի բնագիրը:
Ռոբերտ Մարկարյանի ֆեյսբուքյան էջից