Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նշված է.
«Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ,
Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին եւ ուրախ եմ, որ Դուք եւ Ձեր ընտանիքն առողջ եք:
Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի առջեւ առողջապահական, տնտեսական եւ սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի եւ դրա հետեւանքների դեմ:
Այս ոգով էլ ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության եւ Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Միաժամանակ եւ՛ Եվրամիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, եւ՛ երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է:
Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում:
Այս ճգնաժամը նաեւ մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի:
ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հետեւանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա:
Հույս հայտնելով, որ մեր համերաշխության եւ բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»: