Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից՝ գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին, մասնավորապես իշխանության յուրացման եւ ՍԴ-ի տապալման դեպքերի վերաբերյալ: Այս մասին գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ Արսեն Բաբայանից այստեղ են եկել նաեւ ԲՀԿ-ից պատգամավորներ Միքայել Մելքումյանը, նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը:
«Խոսքը արդեն երկու տարի սկսված ՍԴ լիազորությունների յուրացման մասին է, եւ այդ ընթացքում իրականացված ողջ գործընթացը»,-ասաց Բաբայանը:
Նա նշեց, որ հիմա դիմումը կհանձնի դատախազություն, կվերադառնա, ապա կշարունակի զրույցը լրագրողների հետ:
Վերադառնալուց հետո նա շարունակեց. «Բովանդակությունը արս երկու տարիների ընթացքում նախաձեռնված եւ իրականացված ողջ գործընթացի մասին է: Մասնավորապես, մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձեւով եւ խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ: Այդ թվում օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ նույն անձին թեկնածու չէր կարելի ներկայացնել: Հետագայում եղավ Վահե Գրիգոևրյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը: Դրանից հետո ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այդ ապօրինի կաշառքի օրենքը: Դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե ընդհանրապես ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ:
Դրան հաջորդեց Սահմանադրության վերջին փոփոխությունները, այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետեւ ՍԴ մասին օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չէին արել:
Այդ ընթացքում զուգորդվեցին տարբեր հանցավոր արարքներ, օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում, մինչդեռ մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվեն դատավորների լիազորությունները:
Բացի այդ, նաեւ պաշտոնական լիազորությունների անցում հոդվածով էլ ենք ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին եւ պաշտոնական լիազորությունները անցնելուն: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ կարող են ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը, մինչդեռ մենք տեսանք, որ առաջարկություններ ներկայացվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի կողմից, ինչը ընդունվեց հանձնաժողովի կողմից: Սա եւս քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,-ընդգծեց Բաբայանը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենց դիմումից, արդեն ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ունենք ակնկալիք, որ ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազության ողջախոհությանը: Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, այդ փաստերը առավել քան անբեկանելի են: Ուզում ենք ակնկլել, որ դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով եւ օրինականությամբ:
Այո, ես շարունակում եմ գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, վստահ լինելով, որ այդտեղ որեւէ իրավական հիմք չկար, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռնպահ մնանք… ունենք այն ինչ ունենք, սա է ընթացակարգը եւ մենք դիմել ենք գլխավոր դատախազություն՝ ակնկակելով, որ նրա համար չափորոշիչը կլինի օրինականությունը»: