«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդարական Դավիթ Բաբայանը։
-Պարոն Բաբայան, Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց։ Ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ պետք է արվի լիարժեք ներգրավման համար։
-Ընդհանրապես շատ գործնական հարթակ և բարի ավանդույթ է դարձել ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների նիստը, որը տեղի է ունենում կա՛մ Երևանում, կա՛մ Ստեփանակերտում։ Իհարկե, այս նիստերի առկայությունը լավ է, և իմ խորին համոզմամբ շրջանակը պետք է ընդլայնվի, այսինքն՝ տարբեր օղակների մասնակցությամբ այսպիսի նիստեր պետք է գումարվեն, օրինակ՝ արտաքին քաղաքական շրջանակների համատեղ նիստ, մշակութային և այլն։ Պաշտպանության ոլորտում այսպիսի պրակտիկա և մեր աշխատանքի անբաժան մասն է դարձել։ Ուստի լավ կլինի, որ մեր համատեղ նիստերի շրջանակն ընդլայնվի։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, սա շատ կարևոր եմ համարում։ Երբ նոր իշխանական համակարգը ձևավորվեց, առաջին հայտարարությունն արտաքին քաղաքականության հետ կապված այն էր, որ Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցություններին։ Մենք ողջունել ենք այս մոտեցումը, միաժամանակ հավելել, որ դա լինելու է բարդ, աշխատատար, ժամանակ պահանջող գործընթաց այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն ամեն ձևով փորձելու է խոչընդոտել այդ գործընթացին։ Բայց այս ամենին այլընտրանք չկա։ Այս ձևաչափը միակն է, որ միջազգայնորեն ընդունված է, մասնավորապես ԵԱՀԿ կողմից։
-Նիկոլ Փաշինյանը նաև նշել է․«Մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների»:
-Ճիշտ է այս գաղափարը, մենք դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք։ Եվ եթե լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվեն, սա չի լինի միայն Հայաստան- Արցախ-Ադրբեջան շրջանակում: Թուրքիան կարող է ներգրավել: Նա արդեն իսկ ներգրավված է հակամարտության մեջ: Օրինակ, Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ հայտնի թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորումը մասնակցեց պատերազմին: Պատերազմին մասնակցում էին նաև Թուրքիայի գլխավոր շտաբի գեներալներ և բարձրաստիճան սպաներ: Նույնը տեղի ունեցավ նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: Թուրքիայից ժամանած տարբեր գրոհայիններ կատարում էին վայրագություններ, գլխատումներ և այլն։
Ադրբեջանը նաև բազմազգ երկիր է, և ազգային փոքրամասնություններին ադրբեջանական իշխանությունները միշտ առաջին գիծ են բերում: Լեզգիներ, թալիշներ, որոնք չեն ուզում մեր դեմ պատերազմել։ Ադրբեջանում բնակվում են 100 հազար ավար, 300 հազար լեզգի, 600 հազար թալիշ: Ռուսաստանում, Ադրբեջանի սահմանակից Դաղստանում ավարների թիվը կազմում է 500 հազարից ավել, լեզգիներինը՝ 300 հազար: Իրանում՝ Ադրբեջանի սահմանակից շրջաններում, ապրում է 2,5 միլիոն թալիշ: Ակնհայտ է, որ եթե լինի լայնածավալ և երկարատև պատերազմ, այդ փոքրամասնությունները, ենթարկվելով բռնաճնշումներին, կարող են ապստամբել, իսկ նրանց արյունակիցները հարևան երկրներից կգան նրանց օգնության և Ռուսաստանն ու Իրանը կամա թե ակամա կներգրավվեն այս ամենի մեջ:
Վրաստանում էլ հայ-ադրբեջանական բախումներ կարող են լինել: Արդյունքում պոռթկում է լինելու ամբողջ տարածաշրջանում և կարող է դառնալ համաշխարհային պատերազմի դրդապատճառ, և նման բախումները ռեալ են։ Առավել ևս, որ խեղված է աշխարհաքաղաքական մրցակցությունը, ամենուր բախումներ են։
Այս վտանգը կա, և բացի դրանից, կրկնակի հրամայական է դառնում գերտերությունների համար պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և եթե միջամտի, ինչ պետք է անի ՆԱՏՕ-ն, գլոբալ բախումների թատերաբեմ և դրդապատճառ։
Արցախյան Հայաստանում և Մայր Հայաստանում պարտավոր ենք ունենալ փոխգործակցության ամենաբարձր մակարդակ, մենք երկու տարբեր պետություն ենք, բայց մեկ ընդհանուր հայրենիք։
1in.am