Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսից մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը ծրագրային հոդված է գրել, որում կոչ է արել պահպանել Յալթայի աշխարհակարգը, որն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ թույլ չտալ գործող աշխարհակարգի փլուզում:
Այս տեսանկյունից, Մոսկվա մեկնելուց Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը կարելի է դիտարկել որպես հրաժարում Յալթայի աշխարհակարգից, որը հայերին ոչ մի լավ բան չի բերել: 300 հազար զոհված հայ, տասնյակ մարշալներ, գեներալներ ու ծովակալներ կռվել են Կարմիր բանակում, որ Ռուսաստանը դառնա աշխարհակարգի ճարտարապետներից մեկը:
Յալթայի պայմանագիրը չի չեղարկել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Հայաստանը բաժանվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Կան վկայություններ, որ Ստալինը 1945 թվականին փորձել է չեղարկել պայմանագրերը, բայց Թուրքիան առաջ է անցել՝ ստանալով մյուս հաղթողների հավանությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի:
2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր են ընդունել, որոնք, հաստատում են, որ Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի տարածքում կառուցվել է արյունոտ ճանապարհով՝ մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությամբ, հայրենազրկմամբ ու սեփականության բռնագրավմամբ: Մի քանի տասնյակ երկրների խորհրդարանների հետ միասին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է սեփական հայրենիքում ապրելու հայ ժողովրդի իրավունքը:
Մենք այլեւս չենք վախենում պատերազմից, հայտարարել է Հայաստանը՝ ի պատասխան Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության: Եվ վաղուց արդեն ժամանակն է դադարել արտաքին քաղաքականություն կառուցել նոր ցեղասպանությունների ու պատերազմների «պրոֆիլակտիկայի» վրա: Աշխարհը մեզնից շատ ավելի լուրջ զրույց է սպասում՝ իրավունքների ու սեփականության մասին:
Թուրքիայում եւ Ադրբեջանում գիտեն, որ Հայաստանը մի օր կհայտարարի իր իրավունքների մասին: Էրդողանը 5 ժամանոց խոհրդակցություն է հրավիրում հայկական լոբբիին հակազդելու հարցով: Նա վախենում է ոչ թե երեք միլիոնանոց Հայաստանի հրթիռներից ու ինքնաթիռներից, այլ հայերի անքակտելի իրավունքների հնչեցումից, որի դեմ չի կարող յաթաղան կիրառել: Ադրբեջանում բացահայտ խոսում են, որ այս անգամ Հայաստանը կանգ չի առնի ու կհասնի մինչեւ Կուր, որովհետեւ միջազգային հանրությունը նրա կողմից է:
lragir.am