Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ քննվել է Բաբկեն Մ.-ի գործը:
37-ամյա Բաբկեն Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունիսի 25-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Երևանի բնակիչ Անդրանիկ Վ.-ն քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ այցելել է Տիգրան Մեծ պողոտայում գործող գրավատուն՝ իր անվամբ գրավադրված ոսկե զարդը գրավից հանելու նպատակով:
Գրավատանը հոսանք չի եղել, նրան պատասխանել են, որ այդ պայմաններում չեն կարող գործարք կատարել:
Գրավադրված ոսկե զարդը այդ պահին գրավից հանելը չստացվելը քաղաքացին հիվանդագին է ընդունել, այդ հարցով նա վիճաբանել է գրավատան տնօրեն Բաբկեն Մ.-ի, նրա եղբոր ու ընկերոջ հետ:
Ժամը 15-ի սահմաններում գրավատանը սկիզբ առած վիճաբանությունը տեղափոխվել է գրավատան հարևանությամբ գործող հագուստի խանութի դիմացի հատված:
Այդ ընթացքում վիճաբանող քաղաքացուն՝ Անդրանիկ Վ.-ին են միացել նրա մտերիմները՝ Երևանի բնակիչ Կարեն Կ.-ն և այլ անձինք:
Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, գրավատան տնօրեն Բաբկեն Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Անդրանիկ Վ.-ի ընկեր Կարեն Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, չթափանցող, որովայնի ծակած-կտրած, թափանցող վնասվածքների ձևով՝ ուղեկցված՝ մկանների ու լյարդի վնասումներով:
Դատարանում Բաբկեն Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:
Տուժողը դատարան չի ներկայացել, հեռախոսազանգի միջոցով հայտնել է, թե Բաբկեն Մ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի:
Դատարանը հաշվի է առել, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակվում է մեղսագրված արարքի համար նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդը չգերազանցող պատիժ: Տվյալ դեպքում նշանակվելիք պատիժը չէր կարող գերազանցել 4 տարի 8 ամիս ազատազրկումը:
Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը սահմանում է՝ այն հանցագործության դեպքում, երբ օրենքով նախատեսված պատիժն ի սկզբանե չի գերազանցում 5 տարի ազատազրկումը, վարույթն իրականացնող մարմինն իրավասու է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը, ինչը այս գործով միջնորդել էր պաշտպանական կողմը:
Բաբկեն Մ.-ի դեպքում Համաներման ակտի տվյալ դրույթը, ըստ դատարանի եզրահանգման, կիրառելի էր, քանի որ դատարանը բավարարել էր ամբաստանյալի միջնորդությունը՝ գործն արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ, իսկ տվյալ պարագայում Բաբկեն Մ.-ի նկատմամբ նշանակվելիք առավելագույն պատիժը կարող էր լինել 5 տարին չգերազանցող՝ 4 տարի 8 ամիս ազատազրկումը:
Դատարանն արձանագրել է, որ դատական քննության արագացված կարգի կիրառումը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում նման միջնորդություն ներկայացրած անձանց համար՝ օգտվելու Համաներման ակտի հիշյալ դրույթից:
Դատարանը հաշվի է առել նաև, որ Բաբկեն Մ.-ի խնամքին են երկու մանկահասակ երեխաները՝ 2016 թվականի մարտին և 2018 թվականի հուլիսին ծնված: Փաստորեն, ամբաստանյալի կրտսեր երեխան ծնվել է դեպքից մեկ ամիս անց…
Դատարանն արձանագրել է, որ Բաբկեն Մ.-ն նախկինում դատված չի եղել, տուժողի կողմից որևէ բողոք, պահանջ նրա դեմ չի ներկայացվել, բացակայում են Համաներման կիրառման այլ սահմանափակումները:
Դատարանը որոշել է՝ Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել Բաբկեն Մ.-ի քրեական հետապնդումը:
Դատական ակտը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: