Երկու օր առաջ դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Գրավի չափը սահմանվեց 2 միլիարդ դրամ, ինչն աննախադեպ էր։ Հանրությունն արագ արձագանքեց այս որոշմանը և նշում էր, որ նույնիսկ գումարի չափը խնդիր չի լինի Քոչարյանների համար, քանի որ նրանց համար դա փոքր գումար է։
Հասարակության մեկ այլ շերտ էլ քննարկում էր այն թեզը, որ Քոչարյանի հաշիվներին արգելանքներ են դրված, բայց եթե, այնուամենայնիվ, նրանք վճարեն այդ գումարը, ապա պետությունը պետք է նոր գործ հարուցի նրա ընտանիքի դեմ՝ ապօրինի հարստացման մասով։
Սակայն, գիտակցելով սպասվող քննադատությունների նոր ալիքը, Քոչարյանի պաշտպանական թիմն արագ շրջանառության մեջ դրեց տեղեկություններ այն մասին, որ «բազմաթիվ գործարարներ և ուժեր պատրաստակամություն են հայտնել օգնել գրավի վճարման հարցում»՝ այդկերպ չեզոքացնելով գրավի թեմայի շահարկումը։
Ասում են, որ գրավի հիմնական մասը վճարել է ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ գրավի զգալի մասերն էլ վճարել են գործարար Սերգեյ Համբարձումյանը՝ «Մոնարխ» ընկերության նախագահ, Վլադիմիր Եվտուշենկովը՝ «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր, Գենադի Ստեփանյանը՝ ռուսաստանաբնակ գործարար։ Ասում են նաև, որ վերջինների անունները հրապարակվել են այն նպատակով, որ հանրությանը ներկայացվի, որ Քոչարյանը լայն աջակցություն ունի ռուսական շրջանակներում։