2018թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանը վարչապետ ընտրվեց հիմնականում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների աջակցության շնորհիվ, քանի որ Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ 53 քվեներից 31-ը ապահովեց հենց Ծառուկյան դաշինքը: «Ելք» խմբակցությունը, որը առաջադրել էր Փաշինյանի թեկնածությունը` խորհրդարանում ուներ ընդամենը 9 պատգամավոր:
Եթե չլիներ «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, Փաշինյանը հաստատապես չէր ընտրվի վարչապետ, քանի որ ՀՀԿ-ից ընդամենը 7-8 պատգամավորներ կողմ քվեարկեցին նրա վարչապետ ընտրվելու օգտին, որոնցից մեկը ի դեպ Միհրան Պողոսյանն է, ով այսօր գտնվում է փախուստի մեջ, և ակտիվորեն քննադատում է Փաշինյանի իշխանությունը: Սա իմիջալյոց: Իսկ հիմա պարզվում է, որ Ծառուկյան խմբակցության անդամները ընտրվել են ընտրակաշառքի միջոցով, և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քրեական հետապնդման է ենթարկվում:
Ինչ տեղի կունենա, եթե պարզվի որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ծառուկյան դաշինքի անդամները ընտրվել են ընտրակաշառքով: Ընդամենը մի բան, որ այդ խմբակցությունը ոչ լեգիտիմ է եղել, և չի արտահայտել հանրության քաղաքական նախապատվությունները:
Կնշանակի որ Ծառուկյան դաշինքի փոխարեն խորհրդարանում պետք է լիներ բոլորովին այլ խմբակցություն, այլ պատգամավորների կազմով: Իսկ այս խմբակցությունը կարող էր և չաջակցել Նիկոլ Փաշինյանին, որովհետև այդ խմբակցությունը ունենալով հանրության 30 տոկոսի աջակցությունը կարող էր վարչապետի պաշտոնում առաջադրել սեփական թեկնածուի: Հիշեցնենք, որ Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միշտ հայտարարել է, որ չի հավակնում գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին, և հենց այդ պատճառով նա չառաջադրվեց:
Սրանք իհարկե ենթադրություններ են, բայց փաստն այն է, որ կալանավորելով ու մեղադրանք առաջադրելով Ծառուկյանին Փաշինյանը կասկածի տակ է դնում իր ընտրության օրինականությունը: Նա կարող է ասել, որ 2018թ. մայիսի 8-ից հետո եղել է 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ընտրվել է լեգիտիմ խորհրդարան, բայց մի բան հաստատ է, որ եթե չլիներ մայիսի 8-ը, չէին լինի նաև դրան հաջորդած մյուս քաղաքական իրադարձությունները:
Իսկ եթե Փաշինյանը վարչապետ է ընտրվել ոչ լեգիտիմ խորհրդարանի քվեարկության արդյունքում, ապա նրա իշխանությունը ապօրինի է: Կարճ ասած` Փաշինյանը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է և շատ շուտով մենք լսելու ենք նրա ազատ անկման գմփոցի ձայնը:
ArmLife.am