Search
Close this search box.

ԵԽ-ն կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ:

Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին.

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք եւս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը եւ Արեւելյան հարեւանության մարդկանց միջեւ շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ:

Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի եւ դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին:

Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Please enter a valid URL