«Փաստինֆո»-ի տվյալներով՝ նախօրեին մահացել է ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի կնոջ մայրը։ Օրեր առաջ կարանտինի պայմաններում տեղի ունեցած աղմկահարույց հարսանեկան արարողության մասին տեղեկություն տարածվեց, որ այն տեղի է ունենում Բագրևանդի՝ Արտակ Դավթյանի ընտանիքին պատկանող առանձնատանը և, որ հարսանեկան արարողության հապշտապ կազմակերպումը պայմանավորված է ընտանիքի անդամներից մեկի ծանր հիվանդությամբ։
ՊՆ-ում «Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել՝ առանձնատան բակում՝ բացօթյա պայմաններում, սակավաթիվ հյուրերի մասնակցությամբ։ Հարսանեկան արարողությանը մասնակցել են հարսի և փեսայի մերձավոր հարազատները, ամենամոտ ընկերներն անգամ ներկա չեն գտնվել արարողությանը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել փեսայի արդեն լուսահոգի տատիկի վերջին ցանկությամբ։
Հիշեցնենք, որ աղմկահարույց հարսանիքին հաջորդեց ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հրաժարականը, իսկ արդեն օրեր անց, «Ժողովուրդ» օրաթերթին Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է՝ իրավիճակը չի սահմանափակվել միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի աշխատանքից ազատմամբ: Ըստ օրաթերթի փոխանցած տեղեկությունների, նոր պետը համակարգում կադրային փոփոխություններ է նախատեսում եւ չի բացառվում, որ առաջիկայում աշխատանքից ազատվեն Դավթյանի կողմից նշանակված պաշտոնյաները։
Աղբյուր` Փաստինֆո