«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից: Բանն այն է, որ իրավիճակը չի սահմանափակվելու միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի՝ աշխատանքից ազատմամբ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նոր պետ Օնիկ Գասպարյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու համակարգում:
Բանն այն է, որ Արտակ Դավթյանը համակարգ է բերել և պաշտոնների նշանակել իր մտերիմ մարդկանց, և չի բացառվում, որ նրա գնալուց հետո այդ մարդիկ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եվ, մասնավորապես, խոսքը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի մասին է, որը Դավթյանի մտերիմն է, և ավելին, համակարգում տարածված լուրերի համաձայն, ամենևին էլ աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով, և նրան չեն համարում այն մարդը, որը պետք է այդպիսի լուրջ պաշտոն զբաղեցնի: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որի համար Արայիկ Հարությունյանին կարող են հեռացնել համակարգից:
Ինչպես հայտնի է, Արտակ Դավթյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել էր մայիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր հետո, այն դեպքում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ իշխանության վերին օղակներն էլ այդպիսի միջոցառումներ չանելու կոչեր էին հնչեցնում: Եվ, ահա, պարզվում է, որ այդ հարսանեկան արարողության հյուրերի թվում եղել է հենց երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը: Ավելին, հարսանիքի ժամանակ վայրի խոզի միս է եղել, որն էլ մատակարարվել է հենց Հարությունյանի կողմից:
Ինչևէ, Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Օնիկ Գասպարյանը Զինված ուժերի կարևորագույն նշանակություն ունեցող օղակներում ևս կարող է իր մարդկանց նշանակել՝ սակայն ոչ թե շեշտը դնելով մտերմության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա: Ամեն դեպքում, փոփոխությունները գլխավոր շտաբում սկսված են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: