Այսօր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Քիչ առաջ ինձ հայտնեցին, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է` նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` այս պահին շտապօգնության երկու բրիգադ է աշխատում տեղում, որից մեկը հենց սրտի հետ կապված։ Բաղդասարյանը հայտնեց` Գրիգորյանն այս պահին կաթիլային է ստանում։
Պաշտպանի խոսքով` վաղը հանդես կգան հայտարարությամբ, իսկ հիմա կարող է ասել մեկ բան` այս ամենն առողջապահության նախարարի անգործության հետևանքն է։
Հիշեցնենք, որ օրերս Գրիգորյանի պաշտպանները դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է։