Search
Close this search box.

1-02-ին էլ ի գիտություն՝ ձեր անգործությանը կանդրառանամ ավելի ուշ. 6 օր իր շենքի մուտքում գիշերած լրագորղը տեղեկացնում է

6 տարիների լռությունից և վերջին 6 օրերի դաժան, դժոխային պայքարից հետո վերջապես կարողացա բնակարանիցս դուրս բերել իմ անցած սարսափելի ճանապարհի գրեթե բոլոր փաստերը պարունակող համակարգիչը, փաստաթղթերը, անձնական մի քանի իրեր, ինչից հետո ոմն սեփականատեր Տիգրան Կոլյայի Բաբայանը՝ իր փաստաբան Գուրգեն Թորոսյանի գլխավորությամբ ու հրահանգով կրկին փակի տակ դրեցին բնակարանիս ամբողջ գույքը, մինչև վերջնական հստակեցումից հետո կանցնենք դրանք ամբողջությամբ տեղափոխելուն:
Իմ սիրելի ընկերներ, բարեկամներ, հարազատ դարձած անծանոթներ, անհնար էր արձագանքել ձեր անթիվ հաղորդագրություններին, զանգերին, որովհետև 6 անքուն գիշերների ու տառապալից օրերի լարվածությունը չէր թուլանում. ոչ մի վայրկյան չի դադարել ինձ այցելողների հոսքը, մեր շքամուտքում շուրջօրյա հերթապահություն իրականացնող հարևաններիս դռները չեն փակվել, ամեն մեկը փորձում էր մեղմել իրավիճակը, որևէ կերպ օգտակար լինել, բազմաթիվ հաղորդագրությունները ու զանգերը հետևյալ բովանդակությամբ էին՝ առաջարկում ենք մեր բնակարանը, օգնությունը, միայն թե դադարեցնեմ պայքարս դռանս մուտքի մոտ՝ աստիճանների վրա:
Իրականում խնդիրը մեկն էր՝ փրկել այն փաստերը, որոնք գտնվում էին փակի տակ՝ ապօրինի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանների «թեթև ձեռքով», հովանավորչությամբ, տարիների շահագրգռվածությամբ՝ ի դեմս համայնքային ոստիկանապետ կոչվող դահիճ Արշակ Խաչատրյանի՝ սեփականատերեր ներկայացողների մասնակցությամբ ու փաստաբան կոչվող Գուրգեն Թորոսյանի անբացատրելի ոգևորությամբ ու հրճվանքով:

Ընդգծեմ, որ վերը նշվածները շտապեցին՝ գործելով իրենց նախավերջին հանցավոր քայլը՝ սպառնալիքների տակ ինձ ու աղջկաս բնակարանից հեռացնելով, թույլ չտալով գոնե հագուստ վերցնել երեխայի համար և փականները փոխելուց հետո փակեցին բնակարանիս դուռը ու հեռացան նույն դաժանությամբ, սակայն՝ հանգիստ խղճով, որովհետև 6 տարի իրենց չէր հաջողվել իրականացնել այդ ապօրինի գործընթացը, իսկ փորձերը բազմաթիվ են՝ սարսափներով լի, տեսանյութերը կներկայացնեմ հաջորդիվ՝ պարբերաբար, որովհետև ամբողջ փաստերը երեկ վերջապես հաջողվեց փրկել:

Առանձնահատուկ պետք է շեշտեմ, որ իմ՝ 6 տարիների լռությունս որևէ մեկի խորհրդով կամ հորդորով չխախտեցի, լուռ տարա պայքարս, մտածելով՝ այն միայն իմն է՝ վնասելով ինձ, վտանգելով աղջկաս մանկությունը, հույս ունենալով, թե օրենքի ուժով կհասնեմ արդարության, մինչդեռ 6 տարի բոլոր հայցերս, հաղորդումներս, բողոքներս մտան փակուղի և տարակուսելի էր՝ ինչու՞մ էր խնդիրը, մինչդեռ չէի մտածել՝ ինչ հանցավոր խմբավորման դեմ եմ դուրս եկել, ինչի են ունակ ու պատրաստ՝ հանուն բնակարանի:
Վերջին 6 օրերի կատարվածի նկարագիրը գիտեն ականատեսները, որոնց հետ անցանք ամենաթեժ ու ծանրագույն ճանապարհը ու, չնայած իրավիճակի անկանխատեսելիությանը՝ որևէ մեկը չմտածված քայլի չգնաց:

Ստեղծված քաոսում ամենահուսադրողը իշխանությունների արագ արձագանքն էր՝ իրավիճակը ճիշտ գնահատելու, հասկանալու, ինձ ու դստերս այդ վիճակից դուրս բերելու, մեր հանգիստը, անվտանգությունը հնարավորինս արագ ապահովելու, մինչդեռ վերջին 6 օրերի իմ և ինձ սատարողների համառ պայքարը մեկն էր՝ բնակարանից անվտանգ դուրս բերել անթիվ ապօրինությունների հեղինակների, մասնակիցների արարքները փաստող ապացույցները պարունակող նյութերը, իսկ բնակարանի սեփականատիրոջ՝ համառորեն ինձ բնակարան չթողնելը միտված էր հետևյալին, որ իմ՝ վերջնականապես սպառվելուց ու հեռանալուց հետո իրենց իսկ ձեռամբ ոչնչացվեին իրենց ապօրինությունների վերաբերյալ ապացույցները:
Այն, որ 6 տարիների լռությանս համար շատերը մեղադրում են ինձ՝ հասկանալի է, իսկ այն, որ այդ տարիներին ամեն քայլի հանդիպեցի անվերջանալի ապօրինությունների՝ նկարագրություն չունի. այժմ դրանց կանդրադառնամ բոլոր մանրամասներով:

Միայն կնշեմ, որ ընդամենը երեկ՝ անբացատրելի ծանր հոգեվիճակում անվերջ կրկնում էի, թե առաջինը պատմելու եմ մեր՝ արդեն նախկին ոստիկանապետի ու նրա ղեկավարած կառույցի կարկառունների անմարդկային արարքների մասին և անվերջ կրկնում, որ Արման Սարգսյանը իրավունք չունի ոստիկանապետ աշխատելու, ավելին՝ պատասխան է տալու. այսօր արդեն զարմանալի զուգադիպությամբ հեռացումը իրողություն է, իսկ շարքը՝ շարունակելի:

Պարոն նախկին ոստիկանապետ, հավանաբար մոռացել եք՝ ինչպիսի սարսափի մեջ էի 2019 թ-ի սեպտեմբերի 27-ին զանգահարել ձեր աշխատասենյակի հեռախոսահամարով և աղերսում էի միջոցներ ձեռնարկել, երբ նույն պահին մեծաթիվ ոստիկանների, փաստաբան Գուրգեն Թորոսյանի անթաքույց հրճվանքով, ղեկավարությամբ ու մասնակցությամբ դաժանորեն կոտրվում էին դռանս փականները, իսկ ահազանգիս պատասխանող կնոջից լսեցի հետևյալը՝ մենք վերահսկում ենք, հանգիստ եղեք, ձեզ կպատասխանենք, ինչը մինչ օրս չստացա: Այժմ ես եմ վերահսկելու, որպեսզի դուք և ձեր անունից խոսող տիկինը պատասխան տաք՝ ո՞վ էր այդ օրվա իմ ու դստերս դեմ իրանակացրած սարսափ-օպերացիայի ղեկավարը՝ Երևան քաղաքի վարչությունից, ի դեպ, ես գիտեմ, նրա մասին հաստատել է Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Համլետ Մեսրոպյանը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի ներկայությամբ, ավելանցնեմ նաև, որ փաստաբան Գուրգեն Թորոսյանի մտերիմն է և դրանով էլ պայմանավորված էր դուռ կոտրելու սարսափ-օպերացիան:
Առայժմ այսքանը այն բազմաթիվ փաստերից, որոնք պարբերաբար հրապարակելու եմ:

Հիմա ես ու դուստրս ապահով, անվտանգ վայրում ենք, շնորհակալ եմ բոլորին՝ անհանգստության և հոգատարության համար:
Որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի, պատժվելու են դստերս խաթարված մանկության, մեր շարունականան ու անվերջանալի տանգապների համար, պատասխան են տալու՝ համարժեք իրենց սանձարձակություններին:
1-02-ին էլ ի գիտություն՝ ձեր անգործությանը կանդրառանամ ավելի ուշ…
Շարունակությունը՝ հաջորդիվ…

Լուսինե Խաչատրյան

Please enter a valid URL