Սա քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, ակնհայտ լկտիություն և մանիպուլյացիաների փորձ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Դա շինծու գործ էր, և այս գործի շրջանակներում պարոն Ծառուկյանն արդեն արդարացվել էր դատարանի կողմից։ Չգիտես ինչու դրա մասին չեն ասում։
Մենք շատ լավ գիտենք, որ խորհրդային այսպես կոչված միլիցիան գումարներ կորզելու համար մարդկանց նման իրավիճակի մեջ էր գցում։ Գոյություն ունի նվազագույնը բարոյականության շեմ։ Չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ, եթե խառնեցին, ինչ ասեմ։ Դա ավելորդ անգամ ապացուցում է այն թեզը, որ այն եռանդով, որով լծվեցին իրենք ԲՀԿ-ի դեմ, պարոն Ծառուկյանի դեմ կռիվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելու, գործազրկությունն ինչ-որ մի ձև կանգնեցնելու, ի վերջո կորոնավիրուսի, մարդիկ են մահանում, ինչո՞վ են զբաղված»,-ասաց Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, չանցնի այն և հինավուրց Գյուլնազ տատու հեքիաթները նոր երանգներով չպատմի։
Արման Աբովյանն ընդգծեց՝ իրենք ասում են, որ մարդիկ առանց աշխատանք են մնում, մարդիկ մահանում են կորոնավիրուսից, տնտեսական ճգնաժամ կա, իսկ իշխանությունն ըստ Աբովյանի՝ բովանդակային չի հակադարձում. «Ուղղակի ապշած եմ այդ լկտիության սահմաններից։ Լրիվ անջատված, թուրերն առած ընկած են մեյդան։ Ամոթա»,-ասաց Արման Աբովյանը։
Դիտարկմանը, որ Ծառուկյանը նշել է՝ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, խորհրդարանում ինչ-որ գործընթաց նախաձեռնելու են, Արման Աբովյանը հստակ գործիքակազմ չնշեց, բայց ընդգծեց, որ իրենց կողմից ոչ մի գործիք չի անտեսվի հարկ եղած դեպքում. «Հիմա անցկացնում ենք շատ ակտիվ կոնսոլիդացիաներ և հանդիպումներ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, այն մարդկանց հետ, ովքեր մտահոգված են»,-ասաց Արման Աբովյանը։
Աղբյուր` Փաստինֆո