«Միայն հինգ անգամ ավելացել են հիվանդանոցային այն տեղերը, որոնք կարող են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին»,- հունիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ արդյոք ժամանակը չէ՞ ավելի խիստ միջոցների դիմել վարակի տարածումը կանխելու համար, նոր կարանտինի մասին են խոսում, իսկ ի՞նչ տվեց նախորդը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ըստ էության դե յուրե շատ խիստ ռեժիմ է այսօր երկրում սահմանված: Խնդիրը դե ֆակտոյի մեջ է: Այստեղ հանրություն-կառավարություն հարաբերությունների մեջ հոգեբանական շատ լուրջ խնդիր կա, քանի որ այնուամենայնիվ, մեր կառավարությունն իր ծագումնաբանությամբ այդ հակահամաճարակային կանոնները պարտադրելու առումով ունի հոգեբանական գիծ, որը չի կարողանում անցնել:
Մենք բոլորով ենք կառավարություն ձևավորել, բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե ընտանիքի մի հատվածը պետք է դուբինկաներով առողջություն պարտադրի մյուսին, մեզ համար սա լուրջ հոգեբանական շեմն է, գիծ է: Ժամանակը վաղուց է անցել, որ գնանք շատ խիստ միջոցների: Իրավապահ մարմինները պիտի ապացուցեն, որ ի վիճակի են իրականացնել իրավիճակին համարժեք խիստ ու խստագույն միջոցներ՝ հակահամաճարակային կանոնները պարտադրելու համար այն տեղերում, որտեղ դա անհրաժեշտ է»:
Հիշեցմանը՝ հուլիսին Վրաստանը վերաբացում է սահմանը զբոսաշրջիկների համար, բայց ոչ հայերի, քանի որ մեր երկիրը կորոնավիրուսի տարածման առումով կանաչ գոտում չէ և հարցին՝ քանի որ հուլիսից ՀՀ-ն օդային հաղորդակցությունը կվերականգնի այլ երկրների հետ, էլ ո՞ր երկիր արգելված կլինի ՀՀ քաղաքացիների մուտքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Մենք ինքներս էլ համաճարակային իրավիճակի հետ կապված փակել ենք շատ երկրներից մուտքը դեպի մեր երկիր: Տրամաբանական է, որ այս համաճարակային իրավիճակում այլ զարգացումներ չեն կարող լինել. ամեն երկիր իր կանոններն ունի: ՀՀ-ում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա. նախորդ տարի 41 տոկոսով ներքին զբոսաշրջության աճ ենք ունեցել:
Դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս աճ լինի, պարզապես պետք է համաճարակային իրավիճակը խիստ վերահսկվի և հսկողության տակ առնվի»: Ճեպազրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ մեր առողջապահական համակարգը լարված է աշխատում և եզրափակեց. «Շատ են ասում շնորհակալություն բժիշկներին: Եկեք ոչ թե ասենք, այլ մեր վարքագծով ցույց տանք մեր գնահատանքը այդ մարդկանց նկատմամբ»: