ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6368 փաստացի բուժվողներից մոտ 3000-ը բուժումը ստանում են տանը, PanARMENIAN.Net-ին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Քաղաքականություն է փոխվել, եթե նախկինում բոլորը հոսպիտալացվում էին` անկախ նրանից, ունեն ախտանշաններ, թե՝ ոչ, ապա այժմ թեթև դեպքերը տնային բուժում են ստանում: Նրանք համարվում են առողջացած՝ համակարգ մտնելու 14-րդ օրը` պոլիկլինիկայի բժշկի հսկողությամբ: Այս պահին տանը բուժում է ստանում մոտ 3000 քաղաքացի»,- ասաց նա։
Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված և ախտանշաններ չունեցողները հյուրանոցներից տուն կգնան և տանը կմեկուսանան։
Հունիսի 1-ին նախարարը հայտնել էր, որ հիվանդանոցների մահճակալային ֆոնդում ավելացումներ կլինեն, մասնավորապես՝ «Աստղիկ» ԲԿ-ում, մոտ 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և «Էրեբունի» ԲԿ-ում՝ մոտ 45-ից 50։