«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քչերին են թեստավորում՝ օրական հազիվ 600-700 մարդու, որից 35 տոկոսը, պարզվում է, վարակված է։ Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանն այս պահին ինչ քանակի թեստ ունի, քանի որ, հիվանդացության ավելացմանը զուգահեռ, սկսել են շրջանառվել խոսակցություններ, թե թեստերի պակասի պատճառով մարդկանց օրերով չեն թեստավորում։ Կամ՝ ախտանիշներ ունեցող անձինք (մինչդեռ հիվանդության հանկարծահաս բնույթը ենթադրում է, որ մարդն ամեն օր ու անգամ՝ ամեն ժամի կարող է վատանալ) մի քանի օր իրենց հերթին են սպասում։ Կոնտակտավորներին, առհասարակ, չեն թեստավորում։
Ուշագրավ է, որ օրեր առաջ էլ որոշ լաբորատորիաների արգելեցին թեստավորումը, եւ հիմա շատ սահմանափակ թվով լաբորատորիաներ են թեստավորմամբ զբաղվում։ Թեստերի այս դեֆիցիտը բնական է, քանի որ տեղական թեստերի արտադրությունը դեռ չի սկսվել, իսկ այս ընթացքում թեստերի նոր խմբաքանակներ Հայաստան չեն բերվել։
Ողջ աշխարհն ունի այդ թեստերի կարիքը, եւ արտադրում են ներքին սպառման համար, սակայն կան երկրներ, որոնցից կարելի էր գնել թեստեր, որոնց գինը միջազգային շուկայում 3 դոլարից է սկսվում։ Գուցե հանրապետությունում այլեւս չկա՞ն թեստեր։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Հայաստանում այս պահին կա մոտ 7 հազար հատ պահեստավորված թեստ։ Հարցին, թե ինչ է լինելու, երբ դրանք վերջանան, ԱՆ խոսնակն ասաց՝ մինչեւ վերջանալը կսկսվի թեստերի տեղական արտադրությունը․ «Բայց պետք է խնդրեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հասկանաք, թե որ փուլում է արտադրությունը»։
Օրեր առաջ նույն խոսնակը մեզ ասել էր, որ երկուշաբթի օրվանից սկսվում է տեղական թեստերի արտադրությունը, իսկ ինստիտուտի տնօրենը հերքել էր, թե մեկնարկի օր նշել չի կարող։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր կամ վաղը թեստերի փորձանմուշները տալու են ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնին։
«Իրենք հենց փորձարկեն ու մեզ տան դրական եզրակացություն, կսկսենք, բայց թե ինչքան են իրենք փորձարկելու, չեմ կարող ասել»։ ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանից էլ հարցրինք, թե որքան կտեւի փորձարկումների ու եզրակացություն ներկայացնելու փուլը։ Ասաց, որ դա կախված է նմուշների քանակից, որոնք կտրամադրվի իրենց ինստիտուտին։ Օրինակ՝ 300 հա՞տ, թե՞ 1000»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում