Search
Close this search box.

Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել:

Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետեւ Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաեւ, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեեւ խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL