Search
Close this search box.

Ձեզ խաբել են, վերակենդանացման բաժանմունքներում շուտով էլ տեղ չի լինելու

Մարդկանց արտերկրում և Հայաստանում պատրաստված կեղծ տեղեկություններով ոմանց սուտ ու մոլորեցնող հայտարարություններով խաբել են, թե կորոնավիրուս չկա, սուտ բան է, կամ կա, բայց դեպքերի պաշտոնական թվերը սուտ են, ուռճացված են, իրականությունից միր քանի անգամ ավելին են:

Շատերն էլ ահավոր մոլորության մեջ գցված լինելով, կարծում, ոչ միայն կարծում, այլև սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հայտարարում են, թե նոր կորոնավիրուսը կա, բայց այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է ասել և իրենց ներշնչել` «Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»…

Հայաստանում այդ տեղեկություններին և հայտարարություններին գումարվել է նաև հենց ղեկավարության կողմից անհատական պաշտպանության միջոցները չկիրառելու, անվտանգության տարրական պահանջները չկատարելու հրապարակային ցուցադրումն Արցախում, ընդամենը մի քանի օր առաջ, ինչպես նաև Հայաստանում (մինչև վերջերս ԱԺ-ում, կառավարությունում և այլուր):

Շատերը տեսնելով այդ լուսանկարները, տեսանյութերը հավատում են համացանցում և դրսից, և Հայաստանում տարածվող կեղծ տեղեկություններին: Մտածում են, թե նոր կորոնավիրուս իսկապես չկա կամ վտանգավոր չէ, հիվանդների և մահացածների քանակը պաշտոնապես ներկայացվածից շատ քիչ է, մի խոսքով, կարծում, որ այս ամենը թատրոն է, այլապես Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և ղեկավարությունից բազմաթիվ ուրիշներ վարակվելուց զգուշանալով, իրարից սոցիալական հեռավորություն կպահպանեին, շնչադիմակներ կօգտագործեին:

Իրականությունը, սակայն, այն է, որ նոր կորոնավիրուսն իսկապես գոյություն ունի, այն ոչ թե պարզապես վտանգավոր, այլ շատ վտանգավոր է, սեզոնային գրիպից և խոզի գրիպից էլ շատ ավելի նենգ ու վտանգավոր, իսկ դեպքերի վերաբերյալ պաշտոնական թվերն իրականությունից դեռ մի բան էլ պակաս են, քանի որ ներկայացնում են նոր կորոնավիրուսից հիվանդության հաստատված դեպքերի, բայց ոչ SARS-CoV-2-ով վարակվածների իրական քանակը: Համաձայն Ռուսաստանում կատարված հետազոտությունների, վերջիններիս մոտ 40-50 տոկոսի մոտ հիվանդության որևէ ախտանիշ ի հայտ չի գալիս, վարակվածների մոտ կեսը չի էլ իմանում, որ վարակված է, հետևաբար չի դիմում որևէ բուժհաստատություն, սակայն հանդիսանում է վարակակիր ու վարակի տարածող:

Ինչ վերաբերում է մահացածներին, ապա պաշտոնական թվերը նոր կորոնավիրուսի հետևանքով մահացածների քանակը նույնպես ամբողջությամբ չեն արտացոլում: Մարդը եթե մահացել է, ասենք, թոքաբորբից, թեև մինչ այդ ունեցել է COVID-19-ին բնորոշ ախտանիշ կամ ախտանշաններ, բայց կենդանության օրոք համապատասխան թեստավորման չի ենթարկվել, թեստի դրական արդյունք չի եղել, նա չի համարվում COVID-19-ից մահացած, քանի որ մահից հետո ոչ դիահերձում է կատարվում, ոչ էլ լաբորատոր եղանակով պարզվում է դիակի մեջ նոր կորոնավիրուսի առկայությունը:

Վերոնշյալները նոր կորոնավիրուսից մահացածների պաշտոնական վիճակագրությունից դուրս են մնում` չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ մահից հետո նրանց ընտանիքի անդամների թեստավորման արդյունքը լինում է դրական, ինչը գրեթե 100 տոկոսով վկայում է, որ մահացածն էլ է եղել SARS-CoV-2-ով վարակված, թոքաբորբն ու մահը եղել են նոր կորոնավիրուսի հետևանք: Հայաստանում այդպիսի դեպքերի վերաբերյալ արդեն մի քանի հրապարակում է եղել, ենթադրելի է, որ բազմաթիվ այլ դեպքերի մասին ԶԼՄ-ներին հայտնի չի եղել և հայտնի չի դառնում:

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 29-ին ժամը 11-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ի 460 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք: Հիշենք նաև երեկ նույն էջում հրապարակված ցուցանիշները` նոր կորոնավիրուսով հիվանդության 442 հաստատված նոր դեպք, նշված հիվանդության հետևանքով մահվան 15 դեպք:

Ռուսաստանում այսօր ժամը 13:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, COVID-19-ով մինչ այդ հիվանդացածների ընդհանուր թվաքանակը հասել էր 387 623-ի: Ռուսաստանն այդ առումով գտնվում է աշխարհում 3-րդ տեղում` ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 8572 հաստատված նոր դեպք: ՀՀ-ում և ՌԴ-ում բնակչության թվաքանակների հաշվառմամբ կատարված պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ մենք COVID-19-ի հաստատված նոր դեպքերի թվաքանակի առումով առաջ ենք նույնիսկ հիվանդացածների ընդհանուր քանակի առումով աշխարհում երրորդ տեղում գտնվող Ռուսաստանից: Ահավասիկ…

Եթե Ռուսաստանի բնակչության թվաքանակը (146 մլն 745 100 մարդ) բաժանում ենք վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրված նոր կորոնավիրուսով վարակվածության 8572 հաստատված նոր դեպքի վրա, ստանում ենք 17 119, այսինքն` ՌԴ բնակչության յուրաքանչյուր 17 119 մարդուն բաժին է ընկել նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված 1 դեպք: Երբ ՀՀ բնակչության թվաքանակը` 2 մլն 962 000-ն ենք բաժանում վերջին մեկ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով հիվանդության 460 հաստատված նոր դեպքի վրա, ստանում ենք 6439, այսինքն` մեր երկրի բնակչության յուրաքանչյուր 6439-ին է բաժին ընկնում COVID-19-ի հաստատված 1 դեպք: Դե հիմա համեմատեք ու համոզվեք, որ Հայաստանը հաստատված նոր դեպքերի ցուցանիշով մոտ 3 անգամ գերազանցում է Ռուսաստանին, այսինքն մեր երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մոտ 3 անգամ բարձր է ՌԴ-ում SARS-CoV-2-ով վարակվելու հավանականությունից, իսկ եթե հաշվի առնենք, որ այստեղ ավելի մեծ չափով են արհամարհվում, անտեսվում շնչադիմակներ օգտագործելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները, այդ հավանականությունը կամ, ավելի ճիշտ, վտանգն իրականում երեք անգամից էլ մեծ է:

Համոզվելու համար, որ վերակենդանացման բաժանմունքներում շուտով էլ տեղ չի լինելու, ծանոթացեք Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում ապաքինվածների քանակի և նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակի վերաբերյալ ամեն օր հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը: Օրինակ, երեկ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, ապաքինվածների քանակը 32-ն էր, մինչդեռ նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակը`442, այսօր հրապարակված և մայիսի 28-ի ժամը 11-ից մայիսի 29-ի ժամը 11-ի վիճակագրությունը ներկայացնող տեղեկատվության համաձայն, այդ ընթացքում ապաքինվածների քանակն ընդամենը 10-ն է եղել, մինչդեռ հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակը` 460:

Ապաքինվածների և հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակների միջև տարբերություններն ահռելի են, հսկայական տարբերություններ են նաև նախորդ օրերին: Ճիշտ է, նոր հիվանդներից բոլորը չէ, որ ծանր ու խիստ ծանր վիճակում են, բայց նրանց քանակը նույնպես շատ մեծ է ապաքինվածների քանակի համեմատ, միաժամանակ ՀՀ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների, բժիշկների, թոքերի արհեստական օդափոխության սարքերի քանակները խիստ սահմանափակ են, և որքան էլ ավելացվել են կամ ավելացվեն, միևնույն է, այդ հնարավորությունն անսահման չէ, շուտով գալու է այն օրը, երբ դրանք այլևս չեն բավարարելու, վերակենդանացման բաժանմունքներում էլ տեղ չի լինելու, հետևաբար կտրուկ աճելու է մահվան դեպքերի քանակը:

Յուրաքանչյուր հայի կյանքը թանկ է ինձ համար, մեզ համար, հետևաբար թախանձագին խնդրում ենք պահպանել տարրական անվտանգության կանոնները, այս համավարակի, այս աղետի պայմաններում ձեր ու ձեր մերձավորների առողջության, կյանքի համար այն ամենը, ինչը գոնե հնարավոր է անել: Դրանով կնվազեցնեք վարակման, վարակի տարածման, հիվանդանալու, մահվան հավանականությունը ու քանակը մեր երկրում:

Նյութի աղբյուր՝ livenews.am

Please enter a valid URL